Հայ ազգային կոնգրեսի հասցեին հնչող քննադատություններին նախկին արտգործնախարար, նույն այդ դաշինքի անդամ Ալեքսանդր Արզումանյանը նորմալ է վերաբերվում: «Ես սկսեմ նրանից, որ գիգանտամանիայով, թե պետք է անպայման 500 հազար մարդ լինի հրապարակում, ես չեմ տառապում։ Սովետական միությունը քանդվեց, երբ ընդամենը 7 ազնիվ քաղաքացիներ կարմիր հրապարակում պաստառ բարձրացրեցին եւ չվախեցան գնալ–դառնալ բռունցքի փայ։ Դա ծնեց դիսիդենտական շարժում, եւ մենք բոլորս դրա պտուղները վայելեցինք»,-այսօր՝ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արզումանյանը: Նա նաեւ անդրադարձավ  ՀԱԿ-ի կողմից անցկացվող հանրահավաքների արդյունավետությանը՝ նշելով, որ դրանք չպետք է լինեն ինքնանպատակ եւ դրանց նախապես չպետք է որակումներ տրվեն: «Եթե դու մշտապես անում ես հանրահավաք, սա դառնում է գործի գնալ։ Ես էդ բառերից էլ եմ հոգնել, հաջորդը կլինի հուժկու, մյուսը՝ վճռորոշ։ Անելիք պետք ա լինի, ծրագիր պետք ա լինի, եւ այդ ծրագիրն իրականացնող։ Կգտնի՞ իր մեջ ՀԱԿ–ն էդ ծրագիրը ներկայացնելու ուժ եւ ունի՞ արդյոք այդ պոտենցիալն իր թիմի հետ իրականացնելու, շատ բարի, չի լինի, ձեւեր միշտ էլ կգտնվեն»,-ասաց Ալիկ Արզումանյանը: Նա նաեւ ընդգծեց, որ իր շրջապատում կան տասնյակ մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել մինչեւ վերջ՝ իշխանափոխություն:

Հարցին, թե ի՞նչի մասին պետք է խոսի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոյսանը սեպտեմբերի 17-ի հանրահավաքում, որ Արզումանյանի համար լինի անակնկալ, ՀՀ նախկին ԱԳ նախարարը կեսկատակ արձագանքեց. «Ցանկացած բան: Ասենք, եթե հայտատարի, որ Հայաստանը Չինաստանի անքակտելի մասն է...»: