Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) նախաձեռնության շրջանակներում MWH Global, TNS Opinion եւ Mostra Communication կազմակերպությունների գլխավորությամբ միավորումը նախաձեռնել է «Հասարակական կարծիքի հարցման եւ ուսումնասիրության» (Opinion Polling and Research (OPPOL)) ծրագիրը 15 ԵՀՔ երկրներում, այդ թվում եւ Հայաստանում, սույն թվականի մարտի 9-ից մինչեւ 2011թ. մարտի 9-ը: Նախագծի առաջին փուլը կարծիք ձեւավորողների (Opinion Leaders) նախնական ուսումնասիրության իրագործումն է 2009թ. մայիսից օգոստոս ամիսներին: Հաշվի առնելով «Ամերիա» ընկերության փորձը համանման նախագծերում` միավորումը Հայաստանում նախնական վերլուծության աշխատանքները վստահել է այդ ընկերությանը:
OPPOL ծրագրի հիմնական նպատակն է առավել մանրամասն տեղեկատվություն ձեռք բերել ENPI (Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիք) երկրներում բնակվող տարբեր թիրախային խմբերի տեղեկատվական աղբյուրների, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ համապատասխան երկրներում վերջինիս դերի մասին այդ թիրախային խմբերի տեղեկացվածության եւ ըմբռնման մակարդակի վերաբերյալ: Ծրագրի հիմնախնդիրներից են նաեւ ԵՄ-ի քաղաքականության եւ գործունեության հասանելիության ստուգումը կամ կարծիքների փոփոխությունները: Այն նաեւ ուղղված է ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման եւ տեղեկատվական գործունեության համար ամուր հիմքերի ստեղծմանը շահառու երկրներում` ուսումնասիրությունների հիման վրա:
Ներկայումս «Ամերիան» կատարում է հիմնարար ուսումնասիրություններ: Առանձնացվել է կարծիք ձեւավորողների (բարձրակարգ փորձագետներ եւ որոշակի բնագավառներում կարկառուն ներկայացուցիչներ, որոնց կարծիքը շատ կարեւոր է հանրության համար) 7 խումբ: Այս 7 խմբի մեջ ընդգրկված է 100 մասնակից, որոնց թվում են հայտնի քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավոր հատվածի բարձրաստիճան ղեկավարներ, լրատվամիջոցների մասնագետներ, հոգեւորականներ, շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գիտնականներ:
Այս փուլի աշխատանքները ներառում են ընտրանքի ձեւավորումը, վերլուծական գործիքների զարգացման գործին մասնակցությունը, հարցաթերթիկների արդյունավետության ստուգումը, հարցազրույց անցկացնողների վերապատրաստումը, տվյալների հավաքագրումը, որակի վերահսկումը եւ հաշվետվություն ներկայացնելը: Բոլոր հարցազրույցներն անց են կացվել առերես:
OPPOL նախագիծը ներառում է հասարակական կարծիքի հարցումներ: Փորձագետների խմբերի ուսումնասիրությունը (կենտրոնացված խմբերի միջոցով) եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության վերաբերյալ տեղեկացվածության ամփոփ գնահատումը իրագործվելու է ԵՄ-ի նախաձեռնությամբ: Գնահատման հիման վրա Նախագիծը տրամադրելու է ռազմավարական եւ վերլուծական աջակցություն Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցության գործընթացին, նրա պատվիրակությանը ENPI երկրներում` ներառյալ Հայաստանը, ENPI տարածշրջաններում իրագործվող նախագծերին եւ այլ գործընկերներին: Այս ամենը կծառայի շահառու երկրների թիրախային խմբերի ավելի լավ տեղեկացվածությանը` ԵՄ-ի հետ համագործակցության եւ տեղեկատվական միջոցառումների միջոցով, որոնք կիրականացվեն ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:




























