Ֆրանկֆուրտի Բարձրագույն շրջանային դատարանը դեկտեմբերի 29-ին Ռուանդայի բնակչին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 1994 թվականին կենտրոնական Աֆրիկայում ցեղասպանությանը մասնակցության համար:
Դատարանը վճռել է, որ խուտու ցեղի ներկայացուցիչ, Մավումբայի նախկին քաղաքապետ, 58-ամյա Օնեսֆոր Ռուաբուկոմբեն մասնակցություն է ունեցել Կիզիգուրո քաղաքի եկեղեցու վրա հարձակմանը: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանություններին հետեւելու, հետագա հարձակումների կոչ անելու եւ սպանվածների մարմինների փոխադրումը կազմակերպելու համար:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ռուաբուկոմբեն Գերմանիայում բնակվում է 2002 թվականից: Գերմանիայի իշխանությունները որոշել են չարտահանձնել նրան եւ ինքնուրույն իրականացնել նրա դատավարությունը:
1994 թվականին Ռուանդայում անհայտ անձինք խոցել էին ուղեւորատար ինքնաթիռը, որում գտնվել են երկրի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան եւ հարեւան Բուրունդիի ղեկավար Սիպրիեն Նտարյամիրան: Դրանից հետո խուտու ցեղի ներկայացուցիչները, որոնք Ռուանդայում էթնիկ մեծամասնություն են կազմում, հարձակման մեջ մեղադրեցին տուտսիներին: Էթնիկ խմբերի միջեւ բախումները հանգեցրեցին տուտսիների ցեղասպանությանը եւ երկու ցեղերի միջեւ զինված հակամարտության: Տարբեր տվյալներով, 100 օրվա ընթացքում 800 հազարից մինչեւ 1 մլն մարդ է սպանվել:
2008 թվականին Իսպանիայի Բարձր դատարանը ռուանդացի 40 զինվորական եւ քաղաքական գործիչների մեղադրեց 1994 թվականին Ռուանդայում ցեղասպանությունից հետո վրեժխնդրության համար սպանությունների մասնակցության մեջ:




























