Հոկտեմբերի 21-ին Ֆիլադելֆիայի գեղարվեստի թանգարանում կբացվի ազգությամբ հայ ամերիկացի մեծ նկարիչ Արշիլ Գորկու ցուցահանդեսը։ Վերացական սյուռեալիզմի հիմնադիրներից մեկի աշխատանքների ցուցահանդեսը Ֆիլադելֆիայում բաց կլինի մինչեւ 2010 թվականի հունվարի 10-ը, որից հետո փետրվարի 10-ից մինչեւ մայիսի 3-ը կշարունակվի Լոնդոնի Tate Modern-ում։ Իսկ ցուցահանդեսի վերջին կետը կդառնա Լոս Անջելեսը, որտեղ վարպետի աշխատանքների գնահատողները կարող են բավականություն ստանալ հունիսի 6-ից սեպտեմբերի 20-ը։

Գորկու աշխատանքների հետահայաց ցուցադրությունը ներառում է 180 կտավ, քանդակներ ու գծանկարներ, որոնք վկայում են վարպետի բազմակողմանի տաղանդի մասին։ Ցուցահանդեսները կուղեկցվեն նկարչի ու նրա աշխատանքների մասին հրապարակումներով։

«Գորկին հիանում էր ավելի վաղ շրջանի վարպետների գործերով եւ ստեղծագործելիս հիմնվում էր նաեւ նրանց ձեռքբերումների վրա։ Նա ստեղծել է արվեստի նոր ուղղություն՝ դառնալով Ամերիկայում նկարիչների երիտասարդ սերնդի ոգեշնչողը։ Ցուցահանդեսը այցելուների ուշադրությանը կներկայացնի Գորկու աշխատանքների ժառանգությունը, դրանց վերագնահատումը, ինչպես նաեւ նրա պայքարն ու հաղթանակները ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում»,- հայտնել է Ֆիլադելֆիայի թանգարանի տնօրեն Ջորջ Վիդեները։

Սա նկարչի աշխատանքների նման ձեւաչափով առաջին ցուցահանդեսն է, որն արտացոլում է նրա հայկական արմատները, Հայոց Ցեղասպանության ազդեցությունը նրա կյանքի ու ստեղծագործության վրա։

Հիշեցնենք, որ Արշիլ Գորկին ծնվել է Վանի մոտակայքում գտնվող Խորգոմ գյուղում 1902-1905 թթ. միջակայքում։ Նրա իսկական անունն է՝ Ոստանիկ Մանուկ Ադոյան։ Արդեն պատանեկության տարիներին Գորկին դարձել է իր ժողովրդի ողբերգական ճակատագրի եւ Օսմանյան Թուրքիայի իրականացրած էթնիկ զտման վկան։ Նրա ընտանիքը նույնպես մահվան էր դատապարտվել Օսմանյան կառավարության կողմից, իսկ 1919 թվականին մահացավ նրա մայրը, մահացավ սովից՝ որդու ձեռքերի վրա… Գորկին կարողացավ իր քրոջ հետ միասին հասնել Ամերիկա, որտեղ հայտարարեց, որ ինքը ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկու զարմիկն է։

1922 թվականին Գորկին ընդունվում է Բոստոնի դիզայնի նոր դպրոց, սկզբում նկարում է իմպրեսիոնիստների ազդեցությամբ, ավելի ուշ՝ հետիմպրեսիոնիստների (այդ ժամանակ նա ապրում էր Նյու Յորքում)։ 1930 թվականին խմբի անդամների աշխատանքները, որոնց մեջ էր եւ Գորկին, ցուցադրվում են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Գորկու առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է Մելլոնի (Ֆիլադելֆիա) պատկերասրահում՝ 1931 թվականին։ 1930-ական թվականներին Գորկին սերտորեն համագործակցել է Ստյուարտ Դեւիսի, Վիլհելմ դե Կունինգի եւ Ջոն Գրեմի հետ։ 1944 թվականին նա ծանոթացել է Անդրե Բրետոնի եւ հայտնի այլ սյուռեալիստների հետ։

Գորկու առավել հայտնի գործերն են. «Նկարչի ու նրա մոր դիմանկարը» (1926-36, մոր ձեռքերի գծերի բացակայությունը դարձել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի հիմնական թեմաներից մեկը), «Բնապատկեր Սեզանի ոճով» (1927), «Ինքնադիմանկար» (1937), «Ընկերություն» (1933-36), «Կոմպոզիցիա» (1936-39), «Այգին Սոչիում» (1943), «Բուի նմանվող արտիճուկի տերեւ», «Աքլորակատարի նմանվող լյարդը», «Ինչպես է մորս կարած գոգնոցն արդրադառնում իմ ճակատագրի վրա» (1944), «Բարի հույսերի փողոցը» (1945), «Հոգեվարք», «Տարեց-տարի», «Նշանադրություն 2» (1947) եւ այլք։

Հայտնի են նաեւ նրա Հայաստանում ապրող քրոջը հասցեագրված մելամաղձոտ նամակները, որոնցում նա խորհում է հայրենիքի ողբերգական ճակատագրի, մոր մահվան մասին։ Մահվան տարում Գորկու կյանքը լեցուն էր ողբերգական իրադարձություններով. այրվում է Գորկու արվեստանոցը՝ աշխատանքների հետ միասին, նկարչի մոտ հայտնաբերվում է քաղցկեղ, նա ենթարկվում է ավտովթարի եւ կոտրելով ձեռքը՝ զրկվում նկարելու հնարավորությունից, իսկ նրա կինը լքում է նրան՝ իր հետ տանելով իրենց երեխային։ 44 տարեկան հասակում Գորկին ինքնասպան է լինում։