Անդրադառնալով ՄԱԿ ներկյացրած հակահայկական բանաձեւի քննարկումը հետաձգելու Ադրբեջանի որոշմանը`«Հայոց աշխարհ»-ը նկատում է. «Առաջնաայինը հարցն է, թե ինչո՞վ կարող էր պայմանավորված լինել ՄԱԿ-ում «թքածը լիզելու» Ալիեւի քայլը։ Ինքնին հասկանալի է, որ բանաձեւի նախագիծը շրջանառությունից հանելը սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբներին իրականացվելիք դաշտային առաքելությամբ բացատրելն ընդամենը հարմար պատրվակ է ադրբեջանական իշխանությունների «դեմքը պահելու» համար։ Իրականությունն այն է, որ Արցախի հիմնախնդրի կարգավորումը շարունակ այլ կառույցներ «փոխադրելու» շարունակական մղումներով Ադրբեջանը սպառել է այդ խնդրով մասնագիտորեն զբաղվող միջնորդների համբերությունը։ Բոլորին հասկանալի է, որ կարգավորման ձեւաչափի փոփոխությունը կարող է հանգեցնել հիմնախնդրի շուրջ լարվածության ուժգնացման, ընդհուպ մինչեւ ցնցումային զարգացումների, որոնք անցանկալի են մեր տարածաշրջանով հետաքրքրված աշխարհաքաղաքական կենտրոնների համար։  

Մյուս կողմից՝ նմանապես ակնհայտ է, որ Հայաստանը ամենեւին էլ մտադիր չէ հանդուրժել ադրբեջանական կողմի հետեւողական սադրանքներն ու ապակառուցողական մղումները եւ պատրաստ է հստակ հակաքայլերի, որոնց մասին օրերս ակնարկեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Քայլեր, որոնք կարող են եւ, ամենայն հավանականությամբ, կստանան միջազգային քաղաքականության մի շարք առանցքային «խաղացողների» աջակցությունը։ Նման քայլերի շարքում կարելի է նշել, օրինակ, Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը, ինչպես նաեւ հնարավոր միջազգային ճանաչումը»։