Թուրքիայի կառավարությունը խիզախ քայլ է կատարել հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ: Այդ մասին «Hürriyet Daily News»-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիկ Բրեյդը:

«Անհրաժեշտ է առաջընթացի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ընդգծել է դիվանագետը եւ հավելել. «Ես չեմ կարծում, թե Անկարան ընտրության հնարավորություն ունի: Թուրքիան հրաշալի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ եւ ցանկանում է բարելավել կապերը Հայաստանի հետ: Նրա համար դժվար է ընտրություն կատարել այդ երկուսի միջեւ, բայց, հանուն տարածաշրջանային կայունության, անհրաժեշտ է առաջընթացի հասնել այդ գործընթացներում»,- նշել է Բրեյդը:

Անգլիացի դիվանագետը նշել է, որ Մեծ Բրիտանիան աջակցելու է, որ ԱՄՆ-ը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը նպաստեն Բաքվին եւ Երեւանին ղարաբաղյան հակամարտության լուծման գործում:

Մեծ Բրիտանիայի դեսպանը նաեւ նշել է, որ եթե Թուրքիան առաջընթացի հասնի հայկական, կիպրական եւ քրդական հարցերում, դա կկայունացնի իրավիճակը տարածաշրջանում: