Ռուսաստանի եւ Իտալիայի վարչապետներ Վլադիմիր Պուտինն ու Սիլվիո Բեռլուսկոնին Յարոսլավլում տեղի ունեցած Միջազգային քաղաքական ֆորումի ժամանակ Բեռլուսկոնիի ելույթը քննարկելիս զրուցել են միմյանց հետ։

Բեռլուսկոնին պատմել է մի հոգեւորականի մասին, ով կարողանում է կյանքի տեւողությունը երկարացնել մինչեւ 120 տարի։ Իտալացի քաղաքական գործիչը հայտնել է, որ մտադիր է ֆինանսավորել մարդու կյանքը մինչեւ 120 տարի երկարացնելու երեւույթն ուսումնասիրող ինստիտուտը։

«Պետք է 120 տարի ապրե՞նք»,- ժպտալով հարցրել է Պուտինը։

«Կարծես թե, այո։ Բայց հաշվի առեք, որ դա միջին տարիք է։ Ինձ ասել են, որ առաջնորդների կյանքն ավեի երկար է լինելու»,- պատասխանել է Բեռլուսկոնին։

«Այսինքն՝ մենք ամենաքիչը 120 տարի վարչապետնե՞ր ենք լինելու»,- կրկին կատակել է Պուտինը։

«Չի ստացվի։ Վարչապետ աշխատելով՝ հաճախ հոգնում ես։ Չեք հավատա, բայց այս տարի ոչ մի օր չեմ հանգստացել։ Կարծում եմ՝ Դուք էլ»,- նրան պատասխանել է իտալացի պաշտոնյան։

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, սրան ի պատասխան՝ Պուտինը Բեռլուսկոնիին առաջարկել է միասին հանգստանալ։