Մի խումբ երիտասարդ ակտիվիստներ նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով դադարեցնել հետապնդումը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ:
«Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Մարիամ Սուխուդյանին` իբրեւ բնապահպանի, խոցելի խմբերի պաշտպանի, քաղաքացիական ակտիվիստի եւ պարզապես ՀՀ քաղաքացու, ում հանիրավի հետապնդում են: Մարիամ Սուխուդյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն իսկական խարան եւ ամոթանք է ՀՀ իրավապահ համակարգին, որը մեղավորներին պատժելու փոխարեն, ոչ միայն փորձում է կոծկել տեղի ունեցած հանցագործությունը, այլեւ մեղքը բարդում են հանցանքը բարձրաձայնողների վրա», գրում են նամակի հեղինակներն ու արձանագրում, որ իրավապահների նման կեցվածքը լուրջ սպառնալիք է ոչ միայն արդարադատությանը, այլեւ առհասարակ ՀՀ-ում խոսքի ազատությանը, քաղաքացիական եւ իրավապաշտպանական շարժումներին. «Հայտարարում ենք նաեւ բոլոր նրանց, ովքեր Մարիամ Սուխուդյանի հետապնդումով նպատակ ունեն կասեցնել Հայաստանում երիտասարդների քաղաքացիական եւ իրավապաշտպանական գործունեությունը, որ այս ամենը հանգեցնելու է մի նոր, առավել հզոր շարժման` հանուն բոլոր մարիամների եւ հանուն արդար Հայաստանի»:
Ակտիվիստները կոչ են անում ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին` անհապաղ հրապարակայնորեն հանդես գալ ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի եւ բոլոր երիտասարդ ակտիվ քաղաքացիների, ովքեր ոչ թե լքում են հայրենիքը, այլ պայքարում են հանուն թույլերի պաշտպանության, օրինականության հաստատման եւ արդար Հայաստանի. «Ձեր լռությունը կդիտարկվի իբրեւ ուղղակի աջակցություն եւ խրախուսանք հանցանքի կոծկմանը եւ ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժնի կողմից թույլ տված կամայականությանը»:
Հիշեցնենք, որ «S.O.S Թեղուտ» երիտասարդական բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին օգոստոսի 15-ին հրավիրել էին ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին` ցուցմունք տալու զրպարտության մեղադրանքով` ՀՀ Քր.օր. 135 հոդված, մաս 1-ին: Հասարակական հնչեղություն ստացած այս պատմությունը սկսել է 2008թ-ի նոյեմբերի 13-ին «Հայլուրի» պատրաստած ռեպորտաժից հետո։ Ռեպորտաժում Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին: Հեռուստահաղորդման մեջ օգտագործվել էին տեսանյութեր, որոնք տրամադրել էին «S.O.S. Թեղուտի» ակտիվիստները։ Հեռուստահաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը քրեական գործ էր հարուցել զրպարտության մեղադրանքով, իսկ դպրոցում տիրող անառողջ բարքերը բարձրաձայնած Մարիամ Սուխուդյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ:




























