Չարժե սպասել ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման, քանի որ դրա համար նախադրյալներ չկան։ Սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով, Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելը ոչ մի կերպ չի ազդի խնդրի լուծման վրա, սակայն շատ բան կփոխի Երեւանի արտաքին քաղաքականության մեջ։ Նա նաեւ պոպուլիստական համարեց որոշ քաղաքական ուժերի կողմից Ղարաբաղի միջազգային ճանաչման մասին կոչերը։ «Տեսականորեն հնարավոր է հասնել նրան, որ տարածաշրջանից շատ հեռու գտնվող մի քանի փոքր պետություններ ճանաչեն Ղարաբաղի անկախությունը, սակայն դրանից օգուտ չի լինի։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Այլ բան է, եթե Ղարաբաղը ճանաչեն Եվրամիության երկրները, ԱՄՆ կամ Ռուսաստանը, սակայն դա իրական չէ»,- նկատեց Իսկանդարյանը։ Նրա խոսքով, քաղաքական որոշ ուժերի կոչերը՝ ճանաչել ԼՂՀ անկախությունը եւ գործընթաց սկսել դրա միջազգային ճանաչման ուղղությամբ, հասցեագրված են բացառապես ներքին լսարանին։





























