Սեպտեմբերի 2-4-ը Բեյրութի Հայկազյան համալսարանում տեղի կունենա միջազգային ակադեմիական գիտաժողով՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանն ու միջազգային իրավունքին։
Հայկազյան համալսարանի ու Մերձավոր Արևելքի ազգային կոմիտեի կողմից կազմակերպված գիտաժողում քննարկվելու են Հայոց Ցեղասպանության հարցը միջազգային իրավունքի հեռանկարների տեսանկյունից, մասնագիտական էթիկայի, Ցեղասպանության մերժման, Ցեղասպանության հետևանքների, Հայոց Ցեղասպանության հետագա ուսումնասիրման միջազգային օրենսդրության ու միջոցների շրջանակներում հայ ժողովրդի իրավունքների հարցերը։
Գիտաժողովին հրավիրված են ցեղասպանության ուսումնասիրմամբ զբաղվող մեծ թվով գիտնականներ ու փորձագետներ։ Նրանք ներկայացնում են Հայաստանը, Կանադան, Եգիպտոսը, Իռլանդիան, Լիբանանը, Անգլիան, Շվեյցարիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը։
Քննարկվելիք հարցերը ներառում են հետևյալ թեմաները. «Մեծամասնությունների ու փոքրամասնությունների խնդիրները», «Օսմանյան կայսրության գործը», «Օսմանյան կայսրության ժողովրդագրական կառուցվածքն ու Հայոց Ցեղասպանությունը», «Հայկական հարցը ըստ արաբական աղբյուրների», «Ցեղասպանությունն ու միջազգային իրավունքը», «Հայոց Ցեղասպանություն. արդարության ու միջազգային իրավունքի հարցեր», «Հայերը, Ռաֆայել Լեմկինն ու Ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան», «Թուրքական ազգայնամոլությունն ու Հայոց Ցեղասպանության հարցը ներկայիս Թուրքիայում», «Մասնագիտական էթիկան ու Հայոց ցեղասպանության մերժումը»։ Քննարկվելու են և շատ այլ հարցեր։
Բացի այդ, սեպտեմբերի 3-ին ու 4-ին նախատեսված են հրապարակային դասախոսություններ։




























