ԼՂՀ Չայլու գյուղի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով վիրավորված Ռուդիկ Մանասերյանի վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը: Նա նշեց, որ Մանասերյանը, ով Ստեփանակերտի հոսպիտալից Մուրացանի հոսպիտալ էր տեղափոխվել սեպտեմբերի 3-ին, դեռ դուրս չի գրվել եւ ստանում է իր բուժումները: Նշենք, որ Մանասերյանը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի վերեւի շրջանում:
Մեկ այլ՝ հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիայի արդյունքում վիրավորված զինծառայող Անդրանիկ Արզումանյանի վիճակը շարունակում է մնալ նույնը։ Նա դեռ գիտակցության չի եկել: Բժշկի խոսքով, վիրավոր զինծառայողը շարունակում է մնա կոմայի մեջ։ «Քանի դեռ նա գիտակցության չի եկել, նրա վիճակի մասին ստույգ ոչինչ հնարավոր չէ ասել»,- նշեց զինվորական հոսպիտալի պետը:
Ինչ վերաբերում է Մուրացանի հոսպիտալում գտնվող մեկ այլ՝ Կուբաթլիի N զորամասի զինծառայող Վարուժան Դավթյանի վիճակին, ապա այն, բժշկի հավաստմամբ, կայուն է: Միքայելյանի հավաստմամբ՝ «Դավթյանը գիտակցության է գալիս եւ նրա վիճակն, աստիճանաբար, գնում է դեպի լավացում»: Զինծառայողը, հիշեցնենք, որովայնահատում է տարել: «Շտապ ցուցումներով վիրահատել ենք եւ դատարկել նրա որովայնում առկա հեղուկը: Կատարվել է որովայնի խոռոչի սանացիա, դրենավորում»,-նշեց բժիշկը: Հարցին, թե ինչի՞ց է զինծառայողի որովայնում հեղուկ կուտակվել՝ Միքայելյանը չմանրամասնեց, նշելով, որ դա կարող է առաջանալ տարբեր հիվանդությունների հետեւանքով: «Առայժմ մենք չգիտենք, թ ինչի հետ գործ ունենք: Պարզապես իր կյանքին սպառնացող վտանգը վերացրել ենք եւ այժմ իրականացնում ենք բուժում»,-ասաց նա:
Նշենք, որ Մուրացանի հոսպիտալում, Միքայելյանի հավաստմամբ, ներկա դրությամբ տարբեր գանգատներ ունեցող շուրջ 200 զինվոր է բուժվում:





























