ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել լարվածությունը ղարաբաղյան հակամարտության շրջանում: Այս մասին հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը՝ ելույթ ունենալով Ամերիկյան ձեռնարկատիրության հաստատության կողմից կազմակերպված քննարկման ընթացքում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նշենք, որ նախորդ շաբաթ կոնգրեսական Ռոյսի նախաձեռնությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում էր կազմակերպել՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էդ Ռոյսը եւ հանձնաժողովի դեմոկրատական փոխնախագահ Էլիոթ Էնգելը Պետքարտուղարություն նամակ էր հղել ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որին միացել էր 85 կոնգրեսական:
«Էլիոթ Էնգելն ու ես փորձում ենք «իջեցնել ջերմաստիճանն» այս տարածաշրջանում», – նշել է Ռոյսը:
Կոնգրեսականի խոսքով, խաղաղության ապահովման եւ բռնություններին վերջ տալու համար անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանում եւ ղարաբաղյան շփման գծում տեղադրել կրակոցների ուղղությունը որսացող սարքեր, միջազգային դիտորդներ կցել եւ պահանջել բոլոր կողմերից դիպուկահարներին հետ քաշել սահմանից եւ շփման գծից:
«Եթե այդ երեք պահանջներն իրագործվեն, ապա, անկախ փորձագետների եւ Պենտագոնի կարծիքով դա կբերի շատ ավելի ապահով իրավիճակի: Այնպես որ, մենք առաջ ենք քաշում այս երեք պահանջները», – նշել է Էդ Ռոյսը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաեւ նրանց 80 գործընկերների ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։ Այս մասին հաղորդել էր ՀՅԴ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես ողջունել է Ղարաբաղին վերաբերող Ռոյս-Էնգել առաջարկները




























