Երեւանի «Էրեբունի» ԲԿ-ում նախօրեին գրիպի հարուցած բարդություններից մահացած 57-ամյա Աստղիկ Մանվելյանը շաքարային դիաբետ է ունեցել, նախկինում սրտի եւ ուղեղի կաթվածներ է ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Արտաշատի բժշկական կենտրոնից, որտեղ մինչեւ Երեւան տեղափոխվելը՝ մի քանի ժամ մնացել է կինը:
Հիվանդանոցի աշխատակիցների փոխանցմամբ՝ Մանվելյանն իրենց հիվանդն է եղել, նախկինում մի քանի անգամ բուժում է ստացել իրենց մոտ:
«Մեզ մոտ տեղափոխվել է հունվարի 11-ին, 2-3 ժամ հետազոտվելուց հետո ախտորոշվել է թոքաբորբ եւ տեղափոխել ենք Երեւան»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:
Նշենք, որ Աստղիկ Մանվելյանն Արտաշատ քաղաքից էր, նախկինում աշխատել է քաղաքի հիվանդանոցում՝ որպես հաշվապահ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոնում գրիպի հարուցած բարդություններից մահացել է 57-ամյա Աստղիկ Մանվելյանը:
Ըստ հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Շուշան Հունանյանի՝ մահացածը ունեցել է շաքարային դիաբետ եւ ընդունվել է հիվանդանոց հունվարի 11-ին:
Նշենք, որ սա գրիպի հարուցած բարդացումներից մահվան 11-րդ դեպքն է Հայաստանում:
Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված վերջին հաղորդագրությունը կանխարգելիչ միջոցառումների մասին է: Թեեւ բժշկական կենտրոններում հիվանդների ծանրաբեռնվածության պատճառով տեղ չկա, նախարարությունը վստահեցնում է, որ գրիպի համաճարակ չկա:
Առողջապահության նախարարությունից դեպքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ առայժմ չի հաջողվել։




























