Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության եւ կրթության եւ գիտության նախարարների միջնորդությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական եւ արվեստի դպրոցների ձմեռային արձակուրդները երկարաձգել մինչեւ հունվարի 25-ը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի փոխանցմամբ, Երեւանում դպրոցներում դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից: Այսօր՝ հունվարի 14-ին, նման որոշում է կայացրել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական եւ միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն:

Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։

Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաեւ ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։

Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։

Տեղեկացնեմ նաեւ, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր նախարարը:

Նշենք, որ արձակուրդները երկարաձգելու առաջարկ էր ներկայացրել Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: