Մեքսիկական մայրաքաղաքի կառավարությունը չորեքշաբթի երեկոյան ցրտերի պատճառով քաղաքի քաղաքացիական պաշտպանության ուժերը տեղափոխել է աշխատանքի խստացված ռեժիմի: Իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում ծովի մակարդակից ավելի քան 2,2 կմ բարձրության վրա գտնվող մեգապոլիսի խիտ բնակչությամբ լեռնային շրջաններին: Օպերացիային մասնակցում են սոցիալական պաշտպանության մարմինների փրկարարներ եւ աշխատակիցներ, որոնք ծածկոցներ եւ տաք ըմպելիքներ են բաժանում, ինչպես նաեւ հրահանգներ են տալիս ցածր ջերմաստիճանի պայմաններում վարվելակերպի կանոնների վերաբերյալ: Մեխիկոյի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ֆաուստո Լուտոն զգուշացրել է, որ հինգշաբթի ավելի քան 8,8 մլն բնակչություն ունեցող երկրում հնարավոր է թեթեւ ցրտահարություն եւ անձրեւախառն ձյուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Իշխանությունները Մեխիկոյի բնակիչներին խորհուրդ են տվել ստեղծված անբարենպաստ եղանակային պայմաններում հետեւել նախազգուշական միջոցների, հնարավորինս տաք հագնվել եւ փակ տարածքների ջեռուցման համար փայտի վառարաններ չօգտագործել: Դեկտեմբերի 2015-ին Մեքսիկայի Ներքին գործերի նախարարությունն արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարել երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սոնորի նահանգի 20 քաղաքային համայնքներում, որտեղ հատկապես առատ ձյուն է եկել եւ խիստ ցրտել է: Համանման միջոցներ են ձեռք առնվել նաեւ Սոնորին սահմանակից Չիուաուա նահանգի մի շարք շրջաններում: Տարերքի զոհ է դարձել առնվազն երեք մարդ, զգալի վնաս է հասցվել գյուղատնտեսական մշակությունների տունկերին:



























