Անվճար հակավիրուսային դեղեր կարող են ստանալ միայն սուր շնչառական հիվանդություն ունեցող քաղաքացիները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը՝ անդրադառնալով ՀՀ ԱՆ Արմեն Մուրադյանի` հուվարի 14-ի կառավարության նիստից հետո արած հայտարարությանը:

«Եթե քաղաքացին ունի սուր շնչառական վարակ եւ բժշկի դուրս գրած դեղատոմսով դիմում է պոլիկլինիկա, նրան անմիջապես անվճար տրամադրվում է հակավիրուսային դեղամիջոց: Առանց բժշկի նշանակման եւ համապատասխան ցուցումների որեւէ մեկը չի կարող գնալ այդ դեղերը ստանալ»,-պարզաբանեց Անահիտ Հայթայանը:

Նշենք, որ սուր շնչառական հիվանդություններ ունեցողների տրամադրվում է «Տամիֆլյու» տեսակի հակավիրուսային դեղամիջոցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, անդրադառնալով սուր շնչառական վիրուսային հիվանդությունների աճին, ասել է, որ հակավիրուսային դեղեր անվճար կստանան բոլոր նրանք, ովքեր դրա կարիքն ունեն։