ԱՄՆ-ը հայրենիք է վերադարձրել 169 կուբացիների, որոնք ինքնաշեն նավակներով փորձել են հասնել ԱՄՆ տարածք: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, մարդկանց հասցնում են Կուբայի Արտեմիսի նահանգի Կաբանյասի նավահանգիստ:

«Այն պահից, երբ 2014 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ը հայտարարեց Կուբայի հետ հարաբերությունները բարելավելու մտադրության մասին, Առափնյա անվտանգության ծառայությունը ծովային ճանապարհով Կուբայից ԱՄՆ անօրինական անցնելու փորձերի աճ է արձանագրում»,-ասված է ծառայության հայտարարությունում:

Միգրանտների շրջանում մտահոգություն է առաջացրել այն, որ Վաշինգթոնի եւ Հավանայի մերձեցման գործընթացը վերջ կտա միգրացիոն արտոնություններին, որը տրամադրվում էր ԱՄՆ հասած Կուբայի քաղաքացիներին: Միաժամանակ Սպիտակ տունը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում փոփոխությունների ենթարկել իր միգրացիոն քաղաքականությունը Կուբայի նկատմամբ:

Նշենք, որ 2015-ի հոկտեմբերից 1 942 կուբացիներ փորձել են ծովային ճանապարհով հասնել ԱՄՆ: Վերջին ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերին, ծովային ճանապարհով 4 462 կուբացիներ են ժամանել ԱՄՆ կամ փորձել են անել դա: