Բուլղարիայի եւ Հոնկոնգի գիտնականները տարբեր ազգերի մոտ երջանկության զգացումը կապել են այդ ազգերի ներկայացուցիչների մոտ rs324420 գենի Ա ալելի (միեւնույն գենի 2 կամ ավելի տեսակների) առկայության հետ։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Happiness Studies ամսագրում, հայտնում է EurekAlert-ը։

Միեւնույն գենի ձեւը պատասխանատու է անանդամիդի՝ զգայական հաճույքի աճը եւ ցավի նվազումն ապահովող նյութի համար։ Գիտնականներն օգտագործել են World Values Survey-ի հարցումները եւ Յելի համալսարանի աշխարհի բնակչության ալելների գենետիկ բազան։

Դա գիտնականներին թույլ է տվել կապ գտնել rs324420 գենի Ա ալելի եւ երջանկության զգացման միջեւ, փոխանցում է Lenta-ն։

Ամենից երջանիկ են Հյուսիսային Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Լատինական Ամերիկայի հյուսիսային հատվածների բնակիչները։ Եվրոպայի հարավի, Իրաքի, Հորդանանի եւ Չինաստանի բնակիչներն ամենադժբախտներից են։

Միաժամանակ գիտնականները նշում են, որ երջանկության զգացումը պայմանավորված է նաեւ կլիմայով եւ տնտեսական գործոններով։ Օրինակ՝ Ռուսաստանի եւ Էստոնիայի բնակիչների մոտ նույնպես հայտնաբերվել է rs324420 գենի Ա ալելը, սակայն այդ երկրների քաղաքացիներն իրենց երջանիկ չեն համարում։