Երեւանում այսօր՝ հունվարի 15-ին, արձանագրվել է H1N1 վարակի հարուցած բարդություններից երկու հիվանդի մահ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:
Ցավով տեղեկացնում ենք, որ չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին` արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։ Երկուսն էլ ունեին քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն։ Միացված էին արհեստական շնչառության սարքի»:
Նշենք, որ մահացածները կանայք են` 65 եւ 58 տարեկան։
H1N1 վարակի հարուցած բարդություններից Հայաստանում մահացած քաղաքացիներից թիվը այսպիսով հասավ 13–ի։




























