Սեռական հետապնդումներն ինքնին Ֆինլանդիայի համար նոր երեւույթ չեն, բայց խմբի կողմից սեռական ագրեսիայի խնդրին երկիրն առաջին անգամ է բախվում,   Sputnik գործակալությանը հայտնել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Միկա Մեկինենը: 

Մեկինենը հայտնել է, որ Հելսինկի քաղաքի ոստիկանական բաժանմունքը տեղեկություններ է հավաքում սեռական բնույթի հարձակումների մասին, որոնք հավանաբար տեղի են ունեցել Նոր տարվա նախօրեին Ֆինլանդիայի մայրաքաղաքում: Իրավապահ մարմինների աշխատակիցները մոտակա շաբաթներին համապատասխան հայտարարություն կանեն: 

«Հելսինկիի ոստիկանական բաժանմունքը ներկայումս տեղեկություններ է հավաքում, որպեսզի հնարավորություն ունենա ճշգրտորեն ասել, թե Նոր տարվա հարձակումներն արդյոք նոր երեւույթ են Ֆինլանդիայի համար, թե ոչ», — ասել է Մեկինենը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին սեռական բնույթի երեք հարձակման մասին, որոնք ենթադրաբար տեղի էին ունեցել նոր տարվա գիշերը երկրի մայրաքաղաք Հելսինկիի կենտրոնական կայարանում: Սակայն Մեկինենն ընդգծել է, որ դեռեւս շատ վաղ է ներգաղթյալների մասին դատել այդ հարձակումով:  

Նոր տարվա գիշերը ներգաղթյալների եւ փախստականների կողմից զանգվածային հարձակումներ տեղի ունեցան Քյոլնի բնակչուհիների եւ բնակիչների վրա: Վերջին տվյալների համաձայն, ոստիկանությունը ավելի քան 600  դիմում է ստացել սեռական հետապնդումներից տուժած կանանցից, գրանցվել են նաեւ գողության բազմաթիվ դեպքեր:  Ականատեսների խոսքերով, հարձակվողների մեջ հյուսիսաֆրիկյան եւ արաբական արտաքինով երիտասարդ տղամարդիկ կային:  Այդ դեպքերից հետո Գերմանիայի ամբողջ տարածքով մեկ հարձակումներ են գրանցվել մահմեդական երկրներից եկածների վրա, ինչպես նաեւ բողոքի զանգվածային ակցիաներ եւ անկարգություններ են եղել, որոնք կազմակերպվել էին աջակողմյան հայացքներով մարդկանց կողմից: Համանման հանցագործություններ են տեղի ունեցել Գերմանիայի մի շարք քաղաքներում` Համբուրգում, Շտուտգարտում, Բեռլինում, Մայնի Ֆրանկֆուրտում, Նյուրնբերգում, ինչպես նաեւ Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում եւ եվրոպական այլ երկրներում: