Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետության մարզպետները եւ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Խորհրդակցության ընթացքում նախ անդրադարձ է կատարվել մարզերում սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման հետ կապված իրավիճակին: Նախարար Մուրադյանը զեկուցել է, որ մարզերի բոլոր բուժհաստատությունները, այդ թվում պոլիկլինիկաները համալրված են անհրաժեշտ դեղորայքով: Նախարարի խոսքով՝ հանրապետությունում համաճարակ չկա, նախարարությունն օպերատիվ համագործակցում է բոլոր մարզպետարանների եւ նրանց կից բուժհաստատությունների հետ: Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերին մարզերում գործող պոլիկլինիկաները եւս շարունակելու են իրենց աշխատանքը: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է առողջապահության նախարարին սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման հետ կապված իրավիճակը պահել խիստ վերահսկողության ներքո եւ օպերատիվորեն արձագանքել բոլոր հնարավոր խնդիրներին:
Այնուհետեւ խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզպետարանների գործունեությանը, մարզերում իրականացվող եւ առաջիկայում նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաեւ համայնքների խոշորացման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
Վարչապետը կարեւորել է գերատեսչությունների եւ մարզպետարանների համակարգված ու միասնական աշխատանքը՝ մարզերում բոլոր ծրագրերն արդյունավետ եւ սահմանված ժամկետներում իրականացնելու համար:




























