Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես անդրադարձել է youtube ցանցում շրջանառվող տեսանյութին, որտեղ ճնշումների, ծեծի եւ ստորության են ենթարկվում ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդներ:

«Տեսանյութի ցածր որակը թույլ չի տալիս պարզորոշ տեսնել դեմքեր, հստակ լսել հայերեն խոսքեր կամ արտահայտություններ:

Սակայն, քանի որ շրջանառվող տեսանյութում պատկերվածները Հայկական բանակի համազգեստով են, այն մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույն դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը եւ կանխամտածված տարածումը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու եւ հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու  ուղղությամբ»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ: