Ավստրալիայում խաղ են թողարկել, որում առաջարկվում է մահացու քարկոծել տեղաբնիկներին: Այդ մասին շաբաթ տեղեկացնում է  Lenta-ն` վկայակոչելով The Guardian-ին:

Խաղը կոչվում է Survival Island 3 — Australia Story 3D եւ նախատեսված է   12 տարեկանից մեծ երեխաների համար: Ըստ սյուժեի, հերոսը հայտնվում է անմարդաբնակ ափին, նրա հիմնական նպատակը ողջ մնալն է:   «Զգուշացեք կատաղի կենդանիներից, հատկապես եթե զենք չունեք,-ասում է խորհուրդներից մեկը:  Գիշերը հատկապես վտանգավոր է, ջանացեք որեւէ տեղում թաքնվել: Կենդանիներ որսացեք եւ բույսեր աճեցրեք, դուք պիտի ինչ-որ բան ուտեք: Դուք ստիպված կլինեք նաեւ պայքարել տեղաբնիկների հետ, չէ՞ որ ներխուժել եք նրանց տուն»:

YouTube-ում տեղադրված տեսանյութերից մեկում R2 Darksaber նիկով մեկնաբանը ցուցադրում էր խաղային գործընթացը: Նրա կերպարը հանդիպել էր տեղաբնիկներից մեկին, նրան մահացու ծեծել էր քարե կացնով եւ տիրացել էր ավարին` բումերանգին եւ նետի քարե ծայրին: 

Չնայած հունվարի 13-ին Google Play խանութում խաղն ավելի քան 1200 արձագանք էր ստացել եւ 5-ից 4,2 վարկանիշ էր ստացել, շուտով այն հեռացվեց ոչ միայն  Google խանութից, այլեւս AppStore-ից: Պատճառը պահանջագիրն էր, որը գրվել էր ակտիվիստ Ջորջիա Մանթլի կողմից եւ որին աջակցում էին ավստրալացի տեղաբնիկներն եւ այլ ազգությունների ավստրալացիները: 

Ինքը` Մանթլը, որն իրեն ֆեմինիստուհի է կոչում եւ  «հպարտ տեղաբնիկ կին» (չնայած եվրոպեոիդ ռասային է պատկանում), հայտնել է. «Տրոլների որոշ քանակություն հավանաբար կարծում է, որ տեղաբնիկի սպանությունը ոչնչով չի տարբերվում տեսախաղերում ցանկացած այլ արարածի սպանությունից: Սակայն ես կարծում եմ, որ դրանք տարբեր բաներ են. խաղն արտացոլում է պատմական իրական դեպքեր, որոնք վերապրվել են տեղաբնիկների կողմից: Եվ այն փաստը, որ խաղը մեզ խրախուսում է մարդկանց սպանել միայն նրա համար, որ այլ ռասայի են պատկանում,  այն մյուսներից տարբեր է դարձնում»:

R2 Darksaber-ը նաեւ YouTube-ից հապճեպ հեռացրել է տեսանյութերը այն բանից հետո, երբ օգտատերերը պարզել են, թե նա որ պարբերականում է աշխատում, իսկ խաղային  Player Attack կայքում հիշատակված էր, որ նա վիրտուալ տեղաբնիկին սպանել է հաճույքով եւ  «կադրից այն կողմ ուրախ հռհռոց էր լսվում»: