Ճանաչված հանճարները եւ բարձր IQ-ով մարդիկ ամենից հաճախ միանման անուններ են կրում: Նման անունների ցուցակը կազմել են  ծագումնաբանական հետազոտություններին նվիրված MooseRoots առցանց ռեսուրսի մասնագետները:

Մասնագետները փիլիսոփաների, մաթեմատիկոսների, գիտնականների, նկարիչների, կոմպոզիտորների, նոբելյան մրցանակակիրների եւ Մակարտուրների հիմնադրամի  մրցանակի (հանձնվում է տարբեր ոլորտներում բացառիկ նվաճումների համար) արժանացածների  14 750 անուն են հավաքել: Իրականացված վերլուծության հիման վրա ներկայացվել է նման անձանց շրջանում ամենատարածված  15 անունների ցուցակը: Հետազոտողները նաեւ ուշադրություն են դարձրել, թե որքան ժողովրդական են այդ անուններն այսօր, տեղեկացնում է  «Աշխարհի շուրջը»:

Վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ջոն անունը, որը նաեւ ամենատարածված քրիստոնեական անունն է համարվում: Ներկայումս այն տարածված է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում եւ մի քանի այլ երկրում: Այդ անվան հանճարեղ կրողներից ցուցակի կազմողներն առանձնացրել են երաժիշտ Ջոն Լենոնին եւ քիմիկոս Ջոն Դալթոնին: 

Ցուցակում երկրորդ տեղում  Ռոբերտ անունն էր  (ամերիկացի բանաստեղծ Ռոբերտ Ֆրոսթը եւ ֆիզիկայից Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Վուդրո Վիլսոնը): ԱՄՆ-ում այսօր այդ անունը պակաս տարածված է, քան Ջոնը, բայց այն մտնում է նաեւ Իսլանդիայի, Նոր Զելանդիայի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի թոփ-200 անունների մեջ:

Երրորդ տեղում Ուիլյամն է (Շեքսպիր, Ֆոլքներ): Նորվեգիայում եւ Շվեդիայում  2014-ին այդ անունով են կոչել ծնված տղաների մեծամասնությանը:  

Դրանց հետեւում են Չարլզ, Դեւիդ, Ջեյմս, Ռիչարդ, Յոհան անունները: Տասներորդ տեղում է հայտնվել Պոլ անունը, նրանից հետո` Թոմասն ու Փիթերն են: Ցուցակը եզրափակում են Ջոզեֆ, Մերի եւ Էլիզաբեթ անունները: Ինչ վերաբերում է թվարկված անունների ժողովրդականությանը, տղամարդկանց շրջանում առավել հազվագյուտ է Գերմանիային բնորոշ Յոհանը: Պոլ անվան ժողովրդականությունը զգալիորեն նվազել է 1920-ականների համեմատ: Համեմատաբար ավելի հազվագյուտ է դարձել նաեւ Ռիչարդ անունը:

Ինչ վերաբերում է կանացի անուններին, վարկանիշում դրանք երկուսն են` Էլիզաբեթն այսօր շատ ավելի է տարածված, քան Մերին: Այսպես` 2014-ին ԱՄՆ-ում Էլիզաբեթ անունը ժողովրդականությամբ 14-րդն էր, իսկ Մերին` ընդամենը  120-րդը:

Ինչպես նշում են վարկանիշի կազմողները, որոշ ծնողներ վստահ են. անունը կկանխորոշի իրենց երեխայի կյանքի ուղին: Նրանք խորհուրդ են տալիս դրանում համոզված ծնողներին ուշադրություն դարձնել ներկայացված ցուցակին: