ՀՀԿ-ում միաժամանակ հերքում եւ հաստատում են լուրն այն մասին, որ կուսակցությունը քննարկում է 2012 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի կազմը: Ըստ շրջանառվող լուրերի, արդեն հայտնի է, թե ո՞վ է զբաղեցնելու նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականը. դա լինելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս հանգամանքը մեծ դժգոհություն է առաջացրել ՀՀԿ-ականների շրջանում: Մասնավորապես՝ հնաբնակ ՀՀԿ-ականները շատ ծանր են տանում դա եւ կարծում են, որ անարդարացի է ցուցակի առաջին հորիզոնականում նորեկ ՀՀԿ-ականին առաջադրելը, քանի որ նրանից ավելի վաստակաշատ ՀՀԿ-ականներ կան:
Հնաբնակ ՀՀԿ-ականներից մեկը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որքանով իրեն հայտնի է, կուսակցությունում իրոք քննարկվում է ցուցակների հարցը, թեեւ ինքն այդ քննարկումներին չի մասնակցել: (Իրեն այդ մասին ասել է ՀՀԿ անդամ, «Արմնյուզ» հաղորդաշարի մեկնաբան Մենուա Հարությունյանը): Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ցուցակը պետք է գլխավորի Տիգրան Սարգսյանը, Ռ. Պետրոսյանն ասաց. «Ճիշտ կլիներ, որ ցուցակը գլխավորեր ԱԺ նախագահը, նոր երկրորդը լիներ վարչապետը: Այսինքն, ցուցակը կազմվեր ըստ զբաղեցրած պաշտոնների: Քանի որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը չի լինելու ցուցակում, ապա ե՜ւ տարիքի առումով, ե՜ւ պաշտոնի առումով ԱԺ նախագահն է ավելի բարձր»,-հայտարարեց Պետրոսյանը:
Հարցին, թե ՀՀԿ կանոնադրությո՞ւնն է սահմանում, թե նախնտրական ցուցակն ինչպես պետք է կազմվի, Պետորսյանը պատասխանեց. «Սովորաբար այդպես է ընդունված՝ ցուցակի մեջ մտցնում են սկզբից ԱԺ նախագահին, հետո վարչապետին, հետո նախարարներին, հետո հերթը գալիս է կուսակցության լիդերներին, հետո նոր պատգամավորներին եւ այլն»,-ասաց նա: Ի դեպ, Ռաֆիկ Պետրոսյանն ասաց, որ դեմ չէր լինի գլխավորել ՀՀԿ ցուցակը, եթե , իհարկե, ՀՀԿ գործադիր կոմիտեն նման որոշում կայացնի: «Բայց դե պաշտոնի հարց ա, չեմ կարող»,-ասաց նա:
Իսկ ահա ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովն ասաց, թե խոսակցություներն այն մասին, որ ՀՀԿ-ն հիմիկվանից քննարկում է նախընտրական ցուցակների կազմը, «մարդկանց երեւակայության արդյունք է»: «Դրանք առնվազն լուրեր են: Հանրապետականը իր ցուցակների հարցը կքննարկի, երբ որ ժամանակը գա՝ իր խորհրդով, գործադիր մարմնով եւ հանրապետության նախագահի որոշմամբ: Եւ դեռ շուտ է՝ երկու տարի առաջ խոսել ՀՀԿ-ի ցուցակների մասին: Իսկ նման հրապարակումներ պատվիրողներին խորհուրդ կտամ քիթները չխոթել մեր ներքին խոհանոցի մեջ, քանի որ ՀՀԿ-ն գիտի, թե երբ, ինչպես իր ցուցակները կազմի»,-հայտարարեց նա:
Իսկ երբ NEWS.am-ը Է. Շարմազանովին հայտնեց, որ Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, որ իր ունեցած տեղեկություններով, ՀՀԿ-ում քննարկվում է ցուցակների հարցը, ՀՀԿ մամուլի խոսնակն արձագանքեց. «Առաջին անգամ չէ, որ Ռաֆիկ Պետրոսյանը կարծիք է հայտնել, որն իր անձնական կարծիքն է։ Ցուցակների վերաբերյալ իր ասածը հեռու է իրականությունից եւ կապ չունի ՀՀԿ խորհրդի հետ»: Նա կրկին շեշտեց, որ երբ գա ժամանակը եւ ՀՀԿ խորհուրդը որոշում կայացնի ցուցակների կազմի վերաբերյալ, հանրությունն իրազեկ կլինի:
Հ. Մանուկյան




























