Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն սահմանադրական բարեփոխումների փաթեթին չի կարողացել իր «ոչ»-ը ասել։

Մինչ այդ, սահմանադրական հանրաքվեին մասնակցելու եւ «ոչ» ասելու կոչ անող թուրք ընդդիմադիր կուսակցապետը չի կարողացել մասնակցել քվեարկությանը, քանի որ խնդիրներ է առաջացել բնակության վայրի հետ կապված։  Քըլըչդարօղլուն ներողություն է խնդրել ընտրողներից  եւ նշել, որ զբաղված լինելու պատճառով, նախօրոք չի ուսումնասիրել ընտրացուցակները։

Անդրադառնալով հանրաքվեի արդյունքներին, Քըլըչդարօղլուն նշել է, թե չնայած «այո»-ն գերակշռեց, սակայն իրենց աշխատանքը տվել է իր արդյունքը։  «Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում Թունջելիի (Դերսիմ) բնակչությանը, որտեղ 80 տոկոսը «ոչ» ասեց իշխանությունների փաթեթին»-նշել է ընդդիմադիր գործիչը։

Նշենք, որ թուրքական իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների փաթեթը սեպտեմբերի 12-ի հանրաքվեի ընթացքում ստացավ 58 տոկոս «այո» ձայն եւ համարվեց ընդունված։