«Եթե իմ բողոքը հետաձգվի, ես կդիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան , որովհետեւ ես արդեն կրել եմ իմ պատիժը երկրում, որտեղ կատարել եմ հանցագործությունը»,- ասել է Թուրքիայի քաղաքացի Հասան Տոկուն, ով 1993թ-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի նկատմամբ մահափորձ է կատարել։

40 ամյա Տոկուն մահափորձի համար նախկինում Ադրբեջանում դատապարտված է եղել 10 տարվա ազատազրկման, սակայն 8,5 տարի բանտում պահելուց հետո Հեյդար Ալիեւը նրան ներում է շնորհել ու ազատ արձակել։

2002թ-ի մարտին Տոկուն վերադարձել է Ստամբուլ։ Տեղի ոստիկանները նրան բռնել, բայց չեն ձերբակալել։ Սակայն ավելի ուշ՝ 2006 թվականին Թուրքիայի արդարադատության նախարար Ջամիլ Չիչեկայի թույլտվությամբ՝ հարուցվում է նոր քրեական գործ « Օտարերկրա նախագահի նկատմամբ մահափորձ կատարելու համար» հոդվածով։ Իսկ 2009թ-ի հուլիսի 24-ից սկսած Ստամբուլի դատարանը Տոկուին դատապարում է 30 տարվա ազատազրկման։

«Ես արդեն կրել եմ իմ պատիժը Ադրբեջանում եւ Հեյդար Ալիեւի կողմից ներման եմ արժանացել։ Միեւնույն հանցագործության համար մարդուն երկու անգամ դատելը բոլոր տեսակի իրավունքների խախտում է»-ասել է Տոկուն։