«Վերնիսաժի» գործով դատապարտված Գոռ Առաքելյանի մոտ ախտորոշվել խոզի գրիպ, նա 4 օր է բուժում է ստանում Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, NEWS.am-ին տեղեկացրին հիվանդանոցից՝ նշելով, որ Գոռ Առաքելյանի մոտ ախտորոշվել է նաեւ թոքաբորբ:
Ավելի վաղ ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրել էին, որ Հայաստանի ՔԿՀ-ներում խոզի գրիպի դեպքեր չեն արձանագրվել:
Նշենք, որ «Վերնիսաժի» կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանը, որը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան է, դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:
Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ, 113 –րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի գործադրմամբ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը):




























