Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:

Վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ընթացքից եւ բարձր գնահատել դեսպանի աշխատանքն այդ ուղղությամբ: Ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման համար մեծ ներուժի առկայությունը՝ կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել  գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության եւ այլ  ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Դեսպան Կասիմին վարչապետ Աբրահամյանին է փոխանցել ԱՄԷ վարչապետի ջերմ ողջույնները եւ շնորհակալություն հայտնել Հովիկ Աբրահամյանին երկու երկրների միջեւ կապերի սերտացման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար: Նշելով, որ ՀՀ կառավարության աջակցությամբ 2015 թ. կյանքի են կոչվել հայ-էմիրաթյան մի շարք հաջողված ներդրումային ծրագրեր՝ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը  համոզմունք է հայտնել, որ ՀՀ եւ ԱՄԷ կառավարությունների միջեւ ծավալված արդյունավետ համագործակցությունը կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնմանը:

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են հայ-էմիրաթյան տնտեսական կապերի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր: