Մեծ Բրիտանիայի կրթության նախարար Նիքի Մորգանը հայտարարել է, որ երկրում տասնյակ դպրոցներ ապօրինի են գործում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին:

Պաշտոնայի խոսքով, կառավարությունն անհանգստացած է ոչ միայն ծրագրային վերահսկողության բացակայության առիթով, այլեւ երեխաների համար ստեղծված պայմանների: Բացի այդ, Մորգանը սատարել է դպրոցների տնօրեններին, որոնք արգելում են կրթական հաստատություններ հիջաբով եւ չադրայով այցելել:

«Չենք պատրաստվում մարդկանց բացատրել, թե ինչ կարող են կրել, ինչ՝ ոչ: Դա հակասում է մեր արժեքներին: Բայց մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ դպրոցներ, իրավունք ունեն սեփական կանոնները սահմանել, այդ թվում՝ արգելել դեմքն ամբողջությամբ փակող չադրան»,- ասել է կրթության նախարարը:

Ավելի վաղ բրիտանական մահմեդականների միությունները երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնին մեղադրել էին իսլամի հետեւորդներին սատանայական համարելու մեջ: Պատճառը քաղաքական գործչի արտահայտությունն էր, որը մահմեդական կանանց կողմից անգլերեն սովորելն անհրաժեշտ քայլ էր համարել՝ ծայրահեղական հակումները կանխելու համար: