Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Երեւան նախորդ տարվա սեպտեմբերին շատերի կողմից որակվեց որպես պատմական իրադարձություն: Հայաստանն ու Թուրքիան մերձեցման գործընաց սկսեցին, որի ապացույցը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից ընդունված հռչակագիրը դարձավ: Երկու երկրների նախագահները ներողամտորեն ընդունեցին «ֆուտբոլային դիվանագիտություն» տերմինը, որով որակվեց գործընթացը: Գյուլի հրավերը Երեւան դիվանագիտական շրջանակներում դարձավ յուրօրինակ փոխանցում դեպի տուգանային հրապարակ, որին հաջորդեց թուրքական կողմի հարվածը գլխավոր թիրախին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների ապաշրջափակմանը: Այդ հարվածը, ինչպես նախատեսվում էր, պիտի արվեր մինչեւ Սարգսյանի Թուրքիայի կատարելիք պատասխան այցը: Այցը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերին՝ երկու երկրների ֆուտբոլային հավաքականների պատասխան խաղին: Մինչեւ հանդիպումը մնացել է մոտ 50 օր, իսկ Թուրքիան չի շտապում հարվածել: Պետք է արդյո՞ք Հայաստանի նախագահը շարունակի փոխանցումը եւ մեկնի Թուրքիա ցանկացած պարագայում: Թե՞ նա պետք է դուրս գա խաղից:

Ահա թե ինչ են այդ կապակցությամբ ասում Երեւանում:

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակում ավելի ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանը չմեկնի Թուրքիա՝ դիտելու հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայանալիք ֆուտբոլային հանդիպումը: Ըստ Զոհրաբյանի՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջի այսօր արած հայտարարությունից հետո, թե Հայաստանի նախագահը թող ինքնաթիռով գնա Թուրքիա, քանի որ սահմանի բացման հարցը կախված է ղարաբաղյան հակամարտությունից, «կարծում եմ, ճիշտ կլինի, որ նախագահն իր խոսքի տերը լինի եւ չզիջի այլ կարծիքների»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում միջազգային հանրությունը կարող է մեղադրել Սերժ Սարգսյանին, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Իսկապես երկու հակադիր տեսակետ կա, որ միջազգային հանրությունը կարող է մեզ նախատել, թե Գյուլը եկավ ու մասնակցեց խաղին, իսկ դուք չեք ուզում գնալ»: Զոհրաբյանը հիշեցրեց, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» սկսվեց Շվեյցարիայում «ճանապարհային քարտեզի» հայտարարումից հետո: «Եւ եթե Թուրքիան ասում է, որ չի բացի եւ նախապայման է դնում, այս դեպքում Հայաստանի նախագահն է ճիշտ, որովհետեւ հայ-թուրքական հարաբերություններն արդեն արգելակվել են անորոշ ժամանակով»,- արձանագրեց Ռազմիկ Զոհրաբյանը:

ՀՅԴ քաղաքական հարցերի եւ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նույնպես կարծում է, որ Սերժ Սարգսյանն ավելի լավ է՝ չմեկնի Թուրքիա: «Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ չի գնա Թուրքիա, եթե չբացվեն սահմանները կամ մենք չգտնվենք ապաշրջափակման շեմին: Մինչեւ ֆուտբոլային խաղը մնացել է ընդամենը 50 օր, եւ դժվար թե մինչ այդ սահմանը բացվի կամ ապաշրջափակման նախաշեմին լինենք: Այնպես որ ավելի լավ կլինի, որ Սերժ Սարգսյանը չմեկնի Թուրքիա»,- ասաց Մանոյանը՝ միաժամանակ չբացառելով, որ միջազգային ճնշումների պարագայում Սերժ Սարգսյանը ստիպված լինի մեկնել Թուրքիա:

ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանին չի հետաքրքրում՝ կգնա՞ Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ: «Ինձ ավելի հետարքրում է՝ եթե գնաց՝ ի՞նչը կփոխվի, եթե չգնաց՝ ի՞նչը: Ես խնդիրը դիտարկում եմ բացառապես այդ տեսանկյունից: Ակնհայտ փաստ է, որ գործընթացները սեւեռվել են անձերի եւ նրանց դեմքը փրկելու խնդիրների վրա, քան՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման: Այս պահին ավելի քննարկվում է, Սերժ Սարգսյանը կգնա՞, թե՞ ոչ: Արդյո՞ք գնալու դեպքում կշտկվեն Հայաստանի իշխանությունների թույլ տված սխալներն ու բացթողումները, եւ օրակարգը կդառնա հայկական կողմի համար ընդունելի, պրոցեսը՝ վստահելի, եւ ընդհակառակը»,- նկատեց Սաֆարյանը, իսկ միջազգային ճնշումների վերաբերյալ հարցին էլ պատասխանեց. «Հայաստանում առաջինը ես եմ ասել, որ այնուամենայնիվ կգնա Թուրքիա, քանի որ այդ հարցը միջազգային հանրության համար է կարեւոր, երկու կողմի վրա էլ ճնշումներ կգործադրվեն, ու առավելապես՝ Թուրքիայի վրա: Հաշվի առնելով, որ Սարգսյանի գնալու դեպքում կվնասվի նրա դեմքը նրա արած հայտարարությունների կոնտեքստում, ուստի պիտի այնպիսի քայլ արվի, որ երկու կողմն էլ չկորցնեն դեմքը: Կարծես, լուծում է դառնում ժամանակավոր ինչ-որ մի քայլ, ասենք սահմանի ժամանակավոր բացումը հայ ֆուտբոլասերների համար, բայց դա չի նշանակում սահմանի մեկընդմիշտ բացում»:

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն այնպիսի վիճակ են ստեղծել, որ թե գնալը, թե չգնալը շահեկան չեն Հայաստանի համար: «Զարգացումները, հատկապես ապրիլի 22-ի հայտարարությունից հետո, այնպես են ընթանում, որ ցանկացած դեպքում էական փոփոխություններ չեն լինի»,- մանրամասնեց Կոնգրեսի ներկայացուցիչը եւ հավելեց. «Իշխանությունները բազմիցս հայտարարում են, որ Թուրքիան շեղվել է պայմանավորվածություններից, դրա համար էլ Սերժ Սարգսյանը չի գնա: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա հայկական կողմում կարող են եւ պարտավոր են հրապարակել այդ պարտավորությունները, „Ճանապարհային քարտեզը“՝ ապացուցելու, որ այդ պայմանավորվածություններում մեզ համար վտանգավոր բան չկա, եւ Թուրքիան է խախտում պայմանավորվածությունը: Դա կլինի անկեղծ մոտեցում սեփական ժողովրդի նկատմամբ»: