Հայաստանի զարգացման հիմնադրամը տեղական 6 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ հունվարի 20-24-ը Հայաստանը կներկայացնեն Մադրիդի «Fitur 2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում:

Այն այս տարի կհյուրընկալի շուրջ 9500 զբոսաշրջային ընկերություն եւ ոլորտում ներգրավված մոտ 125 000 մասնագետ աշխարհի 65 երկրից: Ցուցահանդեսի այցելուների թիվը ակնկալվում է, որ կգերազանցի 220 000-ը:

ՀԶՀ աջակցությամբ ընկերությունները կներկայացնեն Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը, զբոսաշրջային գրավչությունն ու արդյունքը՝ նպատակ ունենալով խթանել նոր զբոսաշրջային հոսքեր դեպի հայկական երկու հանրապետություններ։

«Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են հանդիպումներ, կլոր սեղան քննարկումներ գործարար եւ մասնագիտական  ձեւաչափերով: Դրանց ընթացքում հայկական ընկերությունների ներկայացուցիչները իրենց արտասահմանցի գործընկերների հետ կքննարկեն համագործակցության տարբերակներ՝ շեշտը դնելով եվրոպական եւ մասնավորապես իսպանացի զբոսաշրջիկների հոսքի ավելացման վրա։ Հիշեցնեմ, որ արդեն 2 տարի է, ամռան ամիսներին բավական հաջողակ իրականացվում է Երեւան-Բարսելոնա-Երեւան ուղիղ չարտերային չվերթը, հետեւաբար, տրանսպորտային խոչընդոտ, ըստ էության, չկա»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: