ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր՝ հունվարի 20-ին, հանդիպում է ունեցել Արգենտինայի դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ եւ ներկայացրել ՀՔԾ գործունեությունը:
Պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի խնդրանքով Վահրամ Շահինյանը ներկայացրել է իրավապահ այլ մարմինների համակարգում ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները՝ նշելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երկրի միակ նախաքննական մարմինն է, որը ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով իրականացնում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ կամ հանցակցությամբ նրանց կատարած բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ միջազգային հանրությանն առավելապես մտահոգող կոռուպցիոն եւ կազմակերպված հանցավորության, ինչպես նաեւ խոշտանգումների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշակի գործառույթներ ունի նաեւ ընտրական եւ հանրաքվեի գործընթացների հետ կապված հանցագործությունների քննության ոլորտում»,- ընդգծել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական համագործակցության վերաբերյալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար:
«Մեզ համար շատ կարեւոր է համագործակցության եզրեր գտնել կոռուպցիայի դեմ պայքարի ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, որը հանդիսանում է Արգենտինայի արտաքին քաղաքականության կենտրոնական ուղղություններից մեկը»,- նշել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ կողմերը հստակեցրել են համագործակցությունը զարգացնելու ուղղությունները:




























