Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ կառավարությունը ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ: Այսս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդիպմանը, որին մասնակցել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ փաստաբան Փիթեր Այզենֆորթը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանը:
ՀՀ գլխավոր դատախազը ողջունելով կոռուպցիոն թեմայով արդյունավետ եւ կառուցողական հանդիպումների կազմակերպումը, նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը եղել եւ մնում է դատախազության գործունեության առաջնահերթություններից: Գ. Կոստանյանը կարեւորել է փորձի փոխանակումը, ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական առումով՝ հաշվի առնելով ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի օրենսդրությունների առանձնահատկությունները:
Հանդիպմանը քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ընթացակարգերին վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը նշել է այն առաջնահերթությունները, որոնք առավել նպատակահարմար կլինի քննարկել դատախազների եւ քննիչների մասնակցությամբ ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվելիք աշխատանքային քննարկմանը:
«Այնպիսի փորձագետների այցելությունները, ինչպիսիք են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ փաստաբան Փիթեր Այզենֆորթը, թույլ կտան մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես է հնարավոր համատեղ լուծումներ տալ այդ լրջագույն խնդրին»,- նշել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռ. Միլսը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:




























