Արքայադուստր Շարլոտան ու արքայազն Ջորջը առաջ են անցել Եղիսաբեթ 2-րդ թագուհուն՝ Tatler ամսագրի «կարեւոր» մարդկանց ցուցակում: Ութ ամսական Շարլոտան վարկանիշում առաջին տեղն է զբաղեցնում, երկու տարեկան Ջորջը՝ չորրորդ:
Նորին մեծությունը հայտնվել է հինգերորդ հորիզոնականում՝ զիջելով նաեւ արքայազնի ու արքայադստեր ծնողներին՝ Ուիլյամին ու Քեթրինին: Քեմբրիջի դքսուհին ցուցակում երկրորդ հորիզոնականում է, Քեմբրիջի դուքսը՝ երրորդ: Այսպիսով, բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցիչները զբաղեցնում են առաջին հինգ տեղերը: The Independent թերթը նման դասավորվածությունն անվանում է «ոչ զարմանալի», հայտնում է Gazeta-ն:
Ցուցակում 620 մարդ է ընդգրկվել: Tatler-ը վարկանիշում ընդգրկել է մարդկանց, որոնց համարում է «իրոք կարեւոր»: Իսկ թե ինչ չափանիշներով են առաջնորդվել՝ ամսագիրը չի հայտնել:
The Independent-ն ուշադրություն է դարձնում, որ առաջին տասնյակի մնացած ներկայացուցիչները ոչ ակտիվիստներ են, ոչ էլ բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ, այլ «տարատեսակ լեդիներ»:
12 րդ հորիզոնականում դերասան Էդդի Ռեդմեյնն է, իսկ 14-րդում մոդել Լիզի Ջագերը, 17-րդում՝ արքայազն Հարին:




























