Հունվարի 20-ին պաշտոնական այցով Պոդգորիցա ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչին:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չեռնոգորիայի նախագահը կարեւորեց Հայաստանից առաջին բարձրաստիճան այցելությունը Պոդգորիցա՝ համոզմունք հայտնելով, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կխթանեն տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը։ «Միջազգային համաժողովների շրջանակներում ես շատ հանդիպումներ եմ ունեցել բարեկամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ հույս ունեմ, որ այս այցի արդյունքում երկկողմ փոխայցելությունները եւ համագործակցությունն առավել կակտիվանան»։
Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Չեռնոգորիայի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահի բարեմաղթանքներն ու Երեւան այցելելու հրավերը։
Հանդիպմանը երկուստեք շեշտվեց, որ Հայաստանի եւ Չեռնոգորիայի ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամությունը լավ հիմք է հանդիսանում՝ հարաբերությունների զարգացման եւ առկա ներուժի ամբողջական օգտագործման համար։
Քննարկվեցին բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար համաժողովների անցկացման, ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղիները: Այս առումով զրուցակիցները կարեւորեցին Երեւանի եւ Պոդգորիցայի միջեւ դեռեւս 1978թ. կնքված համագործակցության մասին համաձայնագրի թարմացումը եւ երկու երկրների վարչատարածքային միավորների միջեւ կապերի հաստատումը։
Պոդգորիցայում կայացան Էդվարդ Նալբանդյանի եւ Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի բանակցությունները:
Դեմ առ դեմ ձեւաչափով հանդիպմանը հաջորդեցին պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չեռնոգորիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորհրդանշական համարեց, որ բարեկամ Հայաստանի արտգործնախարարը 2016թ. Պոդգորիցա այցելող առաջին ԱԳ նախարարն է, եւ վստահություն հայտնեց, որ ացելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
Շնորհակալություն հայտնելով Իգոր Լուկշիչին այցելության հրավերի եւ հյուրընկալության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց. «2013թ. Հայաստան Ձեր այցելությամբ հիմք դրվեց մեր երկու բարեկամ պետությունների միջեւ շարունակական քաղաքական երկխոսությանը: Այժմ ուրախ եմ գտնվել Պոդգորիցայում` Հայաստանից Չեռնոգորիա առաջին պաշտոնական այցելությամբ»:
Բանակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, կարեւորեցին բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առեւտրատնտեսական կապերի խթանումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը, մարդկանց միջեւ շփումների ակտիվացումը, համագործակցության զարգացումը կրթական, գիտական, մշակութային, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում երկու մայրաքաղաքների միջեւ գործընկերության համաձայնագրի թարմացման անհրաժեշտությանը:
Քննարկվեցին նաեւ երկու արտաքին գործերի նախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, միջխորհրդարանական համագործակցության խթանման հետ կապված հարցեր:
Չեռնոգորիայի փոխվարչապետը ներկայացրեց իր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Բալկանյան թերակղզում տեղի ունեցող գործընթացները եւ դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները։
Հայաստանի եւ Չեռնոգորիայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, Մերձավոր Արեւելքում զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին:
Հայաստանի արտգործնախարարը գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Նախարարների հանդիպմանը հաջորդեց համատեղ մամլո ասուլիս:
Չեռնոգորիայի փոխվարչապետը պաշտոնական ճաշ տվեց Հայաստանի արտգործնախարարի պատվին։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Չեռնոգորիայի Ազգային ժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչի հետ:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման, օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության խթանման շուրջ, ընդգծվեց խորհրդարանական բարեկամության խմբերի ձեւավորման կարեւորությունը:
Անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձեւաչափերում համագործակցության սերտացմանը:
Հայաստանի արտգործնախարարը Չեռնոգորիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ ողջ աշխարհում տեղի ունեցած միջոցառումները եւ դրանց խորհուրդը։
Նախարար Նալբանդյանը Ռանկո Կրիվոկապիչին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները:



























