Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ցյուրիխում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայի եւ Սիրիայի հակամարտությունները, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ամերիկյան պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբիին:

Նրա խոսքով, այսօրվա բանակցություններում Լավրովն ու Քերրին քննարկել են հունվարի 25-ին սիրիական հակամարտության կողմերի միջեւ բանակցությունների անցկացնելու՝ ՄԱԿ-ի ծրագիրն ու Սիրիայի դիվանագիտական կարգավորման հարցում առաջընթացը:

Ինչ վերաբերում է Ուկրաինային. զրուցակիցները քննարկել են, թե ինչպես կարելի է արագացնել Մինսկի համաձայնությունների իրականացումը՝ ներառյալ հրադադարի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունն ու ԵԱՀԿ դիտորդներին նրանց հետաքրքրող շրջաններում դիտարկման լիարժեք հնարավորության ընձեռումը: