Այսօր Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 6-ին «Արմենիա» առագաստանավը՝ Զորի Բալայանի գլխավորությամբ, ժամանել է Կալիֆոռնիայի Սան Պեդրո նավահանգիստ, որտեղ նրան դիմավորել են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ողջ անձնակազմը, Ամերիկայի գրեթե բոլոր հայկական կազմակերպությունների, եկեղեցու թեմերի առաջնորդները, երիտասարդական միությունների ներկայացուցիչներ:

«Արմենիան» շուրջերկրյա նավարկություն է կատարում հայ գաղթօջախների ճամփաներով:

Ուղեւորությունը սկսվել էր մայիսի 28-ին իսպանական Վալենսիա քաղաքից, առագաստանավը հատել է Ատլանտյան օվկիանոսը, ապա, շրջանցելով Բարբադոս կղզին, մտել է Պանամայի ջրանցքը, Խաղաղ օվկիանոս եւ կանգ է առել Լոս Անջելեսի Սան Պեդրո նավահանգստում: Սան Պեդրոյում մոտ երկու շաբաթ մնալուց հետո առագաստանավը շարունակելու է ուղեւորությունը դեպի Հարավային Ամերիկա, ապա Ավստրալիա, Նոր Զելանդիա, Սինգապուր, Հնդկաստան: «Արմենիան» Սուեզի ջրանցքով անցնելու է Միջերկրական ծով եւ շրջագայությունն ավարտելու է Բեյրութի նավահանգստում: