Թուրքիայի կառավարության հարձակումները քրդերով բնակեցված քաղաքների եւ թաղամասերի վրա ուղղակիորեն 200 հազար մարդու «կյանքի սպառնալիք» են եւ կարող են դիտարկվել որպես «կոլեկտիվ պատիժ», որի կիրառումն արգելված է 1949-ի օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայով: Այդ մասին ասվում է իրավապաշտպան Amnesty International կազմակերպության զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, Amnesty International-ը տեղեկացնում է բնակելի շրջաններում թուրքական ոստիկանության եւ զինվորականների բազմակի գործողությունների մասին «սպառազինության ծանր տեսակների եւ դիպուկահարային հրացանների կիրառությամբ»:
Իրավապաշտպանների տեղեկության համաձայն, հաճախ ուժայինների գործողությունների զոհ են դառնում «կանայք եւ երեխաներ, որոնք հազիվ թե մասնակցում են բախումներին» իշխանությունների հետ: Ընդհանուր առմամբ, իրավապաշտպանների կարծիքով, ոստիկանության եւ զինվորականների կողմից դաժանության նման մակարդակը մշտական սպառնալիք է «հասարակ մարդկանց կյանքի համար, որոնք կառավարության կամ շրջապատի համար նույնիսկ նվազագույն վտանգ չեն ներկայացնում»: «Մինչ թուրքական իշխանությունները ջանում են ամեն հնարավորն անել լռեցնելու ներքին քննադատությունը, միջազգային հանրությունը գրեթե ոչ մի կերպ չի արձագանքում, - այդ կապակցությամբ հայտնել է Amnesty International-ի Եվրոպական եւ Կենտրոնաասիական ծրագրերի ղեկավար Ջոն Դալհայզենը: Սիրիայում հակամարտության կարգավորման նպատակով ռազմավարական գործընկերությունը եւ Թուրքիայի` ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա սահմանափակելու ջանքերը չպետք է երկրորդ պլան մղեն մարդու իրավունքների զանգվածային խախտումների մեղադրանքները»: «Միջազգային հանրությունը չպիտի թաքցնի աչքերը», - ընդգծել է Դալհայզենը:


























