Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի ընդլայնումը իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորներով, ակնառու է դարձնում ղարաբաղյան հարցի ճիշտ ըմբռնումը ֆրանսիական քաղաքական դասի կողմից եւ թույլ կտա ավելի տեսանելիորեն արտահայտել ֆրանսիական քաղաքացիական հասարակության դիրքորոշումն ԼՂ նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը, որի կազմում ընդգրկվածների թիվը հասել է 48-ի:

«Խանդավառությունը, որ մեր խումբն առաջացնում է քաղաքական բոլոր ընտանիքների եւ Ֆրանսիայի բոլոր շրջանների պատգամավորների շրջանում, վկայում է մեր պաշտպանած Հարցի ճշմարտացիության մասին, այն է՝ խաղաղություն եւ ժողովրդավարություն Հարավային Կովկասում, ինչպես նաեւ մեր գործունեության արդյունավետության մասին»,- համատեղ հայտարարությամբ հաստատել են խմբի նախագահ պարոն Ֆրանսուա Ռոշբլուանը եւ փոխնախագահներ պարոնայք Ռընե Ռուքեն եւ Գի Տեսիեն։

Բազմաթիվ դիտորդներ նշում են, որ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը՝ գրեթե հիսուն անդամներով եւ հաստատուն քաղաքական գործունեությամբ, ինչը գալիս է համալրելու ֆրանսիական դիվանագիտության կողմից իրականացվող ջանքերը, ծառայում է որպես Ֆրանսիայի ազդեցության տարածման հզոր մի գործիք՝ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող տարածաշրջանում։

«Մենք ողջունում ենք մեր գործընկերների, եւ հատկապես այն խորհրդարանականների աջակցությունը, որոնք իշխանության ղեկին գտնվող կուսակցությունից են։ Նրանց անդամակցումը ակնառու է դարձնում ղարաբաղյան հարցի ճիշտ ըմբռնումը ֆրանսիական քաղաքական դասի կողմից եւ թույլ կտա ավելի տեսանելիորեն արտահայտել ֆրանսիական քաղաքացիական հասարակության դիրքորոշումն ԼՂ նկատմամբ»,- ավելացրել է բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։

Այդ տեսակետն են պաշտպանում նաեւ Ռուքեն եւ Տեսիեն, որոնք ընդգծել են, որ շուրջ հիսուն անդամներ ունեցող բարեկամության խումբը հանդիսանում է պատգամավորների ներկայացուցչական միավոր, որը կարող է օգտավետ կերպով գործել՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի եւ նրա խնդիրների ճանաչելիության ֆրանսիական հանրային մարմինների կողմից:

Նշենք, որ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խումբը համալրվել է հետեւյալ 8 անդամներով. Ֆրանսուազ Դյումա (Գարդ շրջանի պատգամավոր, սոցիալիստական կուսակցություն՝ ՍԿ) եւ Նատալի Նիեզոն (Դրոմ շրջանի պատգամավոր, ՍԿ), ինպես նաեւ պարոնայք Միշել Դեստո (Իզեր շրջանի պատգամավոր, ՍԿ), Հյուգ Ֆուրաժ (Վանդե շրջանի պատգամավոր, ՍԿ), Ֆրանսուա-Միշել Լամբեր (Բուշ-դյու-Ռոն շրջանի պատգամավոր, ՍԿ), Ժան Լոնե (Լո շրջանի պատգամավոր, ՍԿ), Էմանուել Մանդոն (Օվերն Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի անդամ, Դեմոկրատների եւ անկախների միություն) եւ Բրունո Լե Ռու (Սեն Սեն-Դենի շրջանի պատգամավոր, ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահ):