Լոնդոնի թագավորական դատարանը Անդրեյ Լուգովոյին եւ Դմիտրի Կովտունին համարում է Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության հավանական կատարողները։ Գործողությունը հնարավոր է հավանություն է ստացել ԱԴԾ ղեկավարի եւ ՌԴ նախագահի կողմից։ Այս մասին ասված է գործով հրապարակված զեկույցում, փոխանցում է ՌԲԿ-ն։

Հինգշաբթի դատավոր սըր Ռոբերտ Օուենը հանրային լսումների արդյունքում հրապարակել է իր վճիռը ԱԴԾ նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի գործով։

Դատավորը եկել է այն եզրակացության, որ Լոնդոնում Լիտվինենկոյի սպանությունը հավանաբար հավանություն էր ստացել ԱԴԾ նախկին ղեկավար Նիկոլայ Պատրուշեւի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Այս մասին հայտնում է Guardian-ի թղթակիցը դատարանից։

Դատավորը բացառել է այն տարբերակը, որ Լիտվինենկոն ինքն է պատահաբար խմել ռադիոակտիվ պոլոնիում 210 նյութը կամ փորձել է ինքնասպան լինել։ «Ես վստահ եմ, որ նա դիտավորյալ թունավորվել է երրորդ անձի կողմից»,- պարզաբանել է սըր Օուենը։

«Ես վստահ եմ, որ պարոն Լուգովոյը եւ պարոն Կովտունը 2006թ. նոյեմբերի 1-ին ռադիոակտիվ պոլոնիում 210 են դրել Լոնդոնի Millennium հյուրանոցի Pine բարի թեյնիկի մեջ»,- մեջբերում է The Telegraph-ը դատավորի խոսքը։

Դատավոր սըր Օուենը ենթադրել է, որ Լիտվինենկոյի սպանության պլանը մշակվել էր սպանությունից 2 տարի առաջ։

Դատարանի վճռում ասված է, որ սպանությանը Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցության մասին եզրակացությունը հիմնված է Բրիտանիայի հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերի, Մեծ Բրիտանիայի MI6 արտաքին հետախուզության տվյալների վրա։

Դատարանը նշել է, որ Լիտվինենկոյի սպանությունը արտոնել է ԱԴԾ-ն։