Գյումրիի կենդանաբանական այգու տնօրեն Ստյոպա Վարդանյանը ուրախ է, որ այգու վերջին բնակիչները՝ առյուծներն ու արջերը շուտով ավելի հարմարավետ վայրում կլինեն, բայց տխրում է նրանցից բաժանվելու համար:

Առյուծներից երկուսը՝ Զիտան ու Գիտան, ծնվել են Հայաստանում, երկու տարի առաջ: Նրանց անունները Ստյոպա Վարդանյանն ինքն է որոշել:

«2 տարի առաջ որ ծնվեցին, էդ ժամանակ հնդկական կինոն էին ցույց տալիս, որի  դերասանների անունները Զիտա ու Գիտա են: Ես էլ նայեցի, ասեցի՝ եկեք առյուծների անունները Զիտա, Գիտա դնենք»,- NEWS.am-ին պատմեց Ստյոպա Վարդանյանը:

Մինչեւ այդ՝ 4 տարի առաջ էլ, Միշա ու Մաշա անվամբ արջերն են հայտնվել Գյումրու կենդանաբանական այգում: Միշային տնօրենը ձեռք է բերել մեկ այլ մարդուց, Մաշան ծնվել է հենց Գյումրիում: Բացի այս չորսից ու Մերի անունով 7-ամյա առյուծից, 2010թ. հիմնադրված կենդանաբանական այգում ժամանակին նաեւ այլ կենդանիներ են եղել: Տնօրենի խոսքով՝ կենդանիներին պահելը ժամանակի հետ դժվարացել է, նրանց թվի պակասելու հետ մեկտեղ պակասել է նաեւ այցելությունների թիվը, բարերարներն սկսել են այլեւս չհովանավորել կենդանաբանական այգին, ու կենդանիներին պահելը դարձել է անհնար:

«Երեխուս պես պահել եմ, սկզբում պրոբլեմ չի եղել: Իմ սեփական գումարներով ու Ռուսաստանի բարերարների միջոցներով եմ պահել: Բազարներից ենք ուտելիք առել,  թռչնաբուծարաններից ենք բերել: Հետո էդ վերջին մի քանի ամիսներին վիճակը վատացավ, սկսեցին չօգնել: Հիմա մի միլիոն փող է պետք ամսական, որ պահեմ էդ կենդանիներին»,- ասում է այգու տնօրենը:

Այգու վերջին բնակիչների վիճակը մի քանի ամիս առաջ վատացել է, գրեթե առանց կերի են մնացել նեղ, փոքրիկ վանդակներում: Բնապահպանների կողմից խնդիրը բարձրաձայնվելուց հետո հայտնվել են հասարակական կազմակերպություններ, որոնք վերջին ամիսներին խնամում են նրանց:

«Մենակ էս ՀԿ-ներն են, որ անշահախնդիր են: կամավորները ինչով կարողանում, օգնում են»,- ասաց տնօրենը:

Տնօրենը ասում է՝ խայտառակություն է, որ կենդանաբանական այգին բրիտանական հեղինակավոր «Դեյլի Մեյլ» պարբերականի կողմից ճանաչվել է ամենատխուրն ու վատ պայմաններ ունեցողը, որտեղ կենդանիները մահանում են սովից:

«Խայտառակություն է, որ էս երկու առյուծները էսքան շատ շուխուռ են հանել, խայտառակվել ենք: Ի՞նչ է օրական 10-15 կիլո միսը էս կենդանիններին տալը, որ մեր երկիրը չի կարում անի, ըդոր համար խայտառակ ենք եղել»,- ասաց նա:

Ստյոպա Վարդանյանը ասում է՝ դիմել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրինությանը, որ կենդանիներին տեղափոխի նրանց մոտ, սակայն մերժում է ստացել՝ պատճառաբանությամբ, որ կենդանիներին պահելու միջոցներ չունեն:  Այնուհետեւ նա պայմանավորվածություն է ձեռք բերել Ռումինիայի կենդանաբանական այգու ղեկավարների հետ, որ կենդանիները տեղափոխվեն այնտեղ: Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամն արդեն դիմել է բնապահպանության նախարարությանը՝ արջերին Ռումինիա տեղափոխելու թույլտվություն ստանալու համար: Թույլտվությունը տրվել է, այժմ տարբեր դրամահավաքներ են կազմակերպվել՝ կենդանիների տեղափոխման հարցը լուծելու համար: Դրա համար գումար են նվիրաբերում մարդիկ Հայաստանից ու աշխարհի տարբեր վայրերից: