Անցած տարվա հունվարին Երեւանում դաունի սինդրոմով ծնված Լեոն շատ երջանիկ բալիկ է, հումորի մեծ զգացումով ու շատ դեպքերում ոչնչով չի տարբերվում մյուս երեխաներից: ABC NEWS-ին տված հարցազրույցում ասել է երեխայի հայրը՝ նորզելանդացի Սեմյուել Ֆորեսթը, որն ավելի քան կես միլիոն դոլար էր հավաքել երեխայի մասին:

Երեխայի մայրը՝ ազգությամբ հայ Ռուզան Բադալյանը Լեոյի ծնվելուց օրեր անց հրաժարվել էր երեխայից, սակայն ամիսներ անց միացել ամուսնուն եւ միասին մեկնել էին Նոր Զելանդիա:

«Երեխայի ծնվելուց 3.5 շաբաթ անց Ռուզանն ինձ հետ կապվեց մեր ընդհանուր ընկերոջ միջոցով եւ մենք սկայպով խոսեցինք: Ես որոշեցի հանդիպել նրան եւ նա առաջին անգամ տեսավ Լեոյին»,- պատմել է Սեմյուել Ֆորեսթը:

Նորզելանդացու խոսքով՝ Ռուզանը մինչեւ այդ պատկերացում չուներ, թե ինչ է Դաունի սինդրոմը, քանի որ բժիշկները հավաստիացրել էին, որ Լեոն երբեք չի քայլելու կամ խոսելու:

Ռուզան Բադալյանի խոսքով՝ երբ ամուսինը լրատվամիջոցներով պատմել էր իրենց պատմությունը, աշխարհը կարծես իր դեմ էր:

«Ես կարդացի մեկնաբանությունները, որոշները դրական էին... ես շատ շնորհակալ եմ ընտանիքիս, որ ինձ հնարավորություն տվեց, որովհետեւ չգիտեմ՝ ինչ կանեի առանց նրանց: Ես իսկապես երջանիկ եմ այսօր»,- ասել է Ռուզան Բադալյանը:

Լեոն այսօր արդեն 1 տարեկան է, հատուկ թերապիայի կուրս է անցնում: Ինչպես Ֆորեսթն է պնդում, Ռուզանը լիովին հարմարվել է կուրսերին եւ պարզվում է՝ հրաշալի մայր է: Նշենք, որ Լեոն ստանում է ֆիզիկական եւ մտավոր զարգացման կուրսեր:

«Սկզբնական շրջանում շատ էի վախենում, որովհետեւ չգիտեի՝ Դաունի սինդրոմն ինչ է: Կարծում եմ՝ ես նաեւ շատ եսասեր եմ եղել, հետո այդ դեպրեսիան... ես շատ եմ սիրում Լեոյին: Մեկ տարի առաջ ես չէի կարող պատկերացնել կյանքը նրա հետ, այսօր ես իսկապես չեմ պատկերացնում կյանքս առանց նրա: Նա ինձ այնքան է փոխել, ես լրիվ այլ մարդ եմ այսօր»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Լեոն ծնվել է 2015թ. հունվարի 21-ին, Երեւանում: Նրա մոտ Դաունի սինդրոմ են ախտորոշել: Առաջինն այդ մասին հայտնել է երեխայի հայրը՝ միջազգային լրատվամիջոցներին հայտարարելով, որ կինը որոշել է հրաժարվել երեխայից, իսկ ինքը՝ ոչ: Դա էլ նրանց բաժանման պատճառ էր դարձել: Ավելի ուշ Ռուզան Բադալյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դա արել է հանուն երեխայի ապագայի: Ըստ նրա, Նոր Զելանդիայում Լեոն կունենա այն, ինչ Հայաստանում նրան երբեք չեն տա: