ԵԽԽՎ-ում երկու նման բանաձեւերի նախագծերի ընդունումը չի բխում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շահերից եւ հակասում է Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը: Այս մասին, հունվարի 21-ին, աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ նշել է Հունաստանի «ՊԱՍՈԿ» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսը:

Զրուցակիցները կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ խորհրդարանական տարբեր հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:

ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու փորձերը եւ ընդգծել, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Էդուարդ Շարմազանովի խոսքով` Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի համանախագահությանը շրջանցելու ջանքերը, ինչպես նաեւ հակամարտության կարգավորումն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը դատապարտելի են:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառված են Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձեւերի նախագծերը: