ԵԽԽՎ-ում առաջիկայում քննարկվող հակահայկական բանաձեւերը բարձրացվել են այն մարդկանց կողմից, որոնք ադրբեջանամետ են: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական բանաձեւերին:

«Երկու նախագծեր են, որոնցից մեկը վերաբերում է առաջնագծում իրավիճակի սրմանը, մինչդեռ դրա ակունքներում հենց Ադրբեջանն է կանգնած: Մյուսը սոցիալական խնդիր է՝ վերաբերող ջրային տնտեսությանը, ինչն այսօր գտնվում է ԼՂՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում, ջրամբարը պատշաճ կերպով օգտագործվում է»,- ասաց նախարարը:

Դիտարկանը, թե արդյոք նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության աշխատանքի թերացման պատճառով չէ, որ այդ բանաձեւերն ընդունվել են համապատասխան հանձնաժողովներում, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Մեր պատվիրակությունը, կարծում եմ, իր հնարավորության շրջանակում այսօր աշխատում է, դեռ ավելին՝ կցված են այդ աշխատանքին նաեւ այլ ներկայացուցիչներ»:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառված են Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձեւերի նախագծերը:

Դեռեւս անցած տարեվերջին  Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները արտգործնախարարի, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ  ակտիվորեն քննարկում էին այս զեկույցների օգտին քվեարկությունը տապալելու քայլերը։ Այդ նպատակով նախատեսվում էր, որ պատվիրակության անդամներն ու առանձին պատգամավորներ կգործուղվեն տարբեր երկրների՝ դիվանագիտական կապերն օգտագործելով հանուն այդ նպատակի: