ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջասիմ Ուդինը (նստավայրը՝ Աթենք):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, նշելով, որ որպես Հայաստանում Բանգլադեշի առաջին դեսպան, այդ առաքելությունն առավել կարեւոր եւ պատասխանատու է, քանզի կոչված է ամուր հիմքեր ստեղծելու երկկողմ միջպետական կապերի շարունակական զարգացման եւ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար: Համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության Նախագահն առաջին հերթին կարեւորել է իրավապայմանագրային դաշտի ստեղծումը:

Նշելով, որ հայ-բանգլադեշյան հարաբերությունները սկիզբ են առնում դեռեւս 17-րդ դարից, եւ Դաքայի նախկինում հայաբնակ Արմանիթոլա թաղամասում մինչ այսօր կանգուն է հայկական Սուրբ Հարություն եկեղեցին, զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, ցավոք, ակտիվ աշխատանք չի իրականացվել միջպետական կապերի զարգացման եւ տարբեր ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ:

Կողմերի համոզմամբ, Հայաստանում դեսպանի նշանակումը եւ փոխադարձաբար Բանգլադեշում դեսպան նշանակելու Հայաստանի պատրաստակամությունը վկայում է հարաբերությունները զարգացնելու երկու երկրների քաղաքական կամքի եւ վճռականության մասին:

Հանդիպմանն ընդգծվել է նաեւ միջազգային կառույցների շրջանակներում հայ-բանգլադեշյան համագործակցությունն ամրապնդելու կարեւորությունը: