Մոլդովայում ընդդիմությունը վերսկսել է իշխանության հրաժարականի պահանջով բողոքի ակցիան: Մարդիկ հավաքվում են խորհրդարանի մոտ վրանային ճամբարներում, որտեղ իրենց կողմնակիցներին են համախմբում Սոցիալիստների կուսակցությունը եւ «Մեր կուսակցությունը», ինչպես նաեւ Քիշնեւի գլխավոր հրապարակում, որտեղ բողոքի ցույց է անցկացնում DA քաղաքացիական հարթակը, տեղեկացնում է Point.md-ն:
Չնայած վեց աստիճան ցրտին, մարդիկ շարունակում են գալ հանրահավաքի: Ամբոխը վանկարկում է «Կորչի Պլախոտնյուկը», «Մենք միասնական ժողովուրդ ենք», «Ընտրություններ», «Մենք չենք հեռանա այստեղից, կհաղթենք կամ կմեռնենք: Պլախոտնյուկ, մի մոռացիր, քո տունը բանտն է»: Ինչպես ակնկալում են հեղինակները, ցույցի դուրս կգան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք Քիշնեւ են գալիս շրջաններից: Խորհրդարանը եւ պետական կարեւոր օբյեկտները պաշտպանում են ոստիկանության ուժեղացված կարգախմբերը: Ուրբաթ ցուցարարները իշխանություններից պատասխան են սպասում նախօրեին Պավել Ֆիլիպի կառավարության հրաժարականի վերաբերյալ իրենց ներկայացրած վերջնագրին, այդ կառավարությունը նրանք անօրինական են համարում:
Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաքում երրորդ օրն է, ինչ ցույցեր են տեղի ունենում խորհրդարանի լուծարման եւ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով:




























