Ֆրանկոֆոնիայի արժեքների մեջ է մտնում ահաբեկչության դեմ պայքարը: Այդ մասին, այսօր՝ հունվարի 22-ին, Երեւանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ֆրանսիայի ԱԳՆ զարգացման եւ ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենը` պատասխանելով Փարիզի ահաբեկչական գործողությունների մասին հարցին:
«Ֆրանկոֆոնիան ոչ միայն լեզու է, այլեւ տարբեր երկրների եւ ժողովուրդների ընդհանուր արժեքներ: Եվ մենք կհաղթենք այդ պայքարում, որովհետեւ գիտակցում ենք. կարեւորը մարդկային արժեքների հանդեպ հարգանքն է եւ երկխոսությունը», - ասել է նա: Միաժամանակ պետք է հասկանալ, որ եւ Բոկո Հարամը, եւ ԻԼԻՊ-ը, եւ ահաբեկչական այլ խմբավորումները հաջողություն ունեն աղքատ երկրներում, որտեղ մարդկանց կարելի է գրավել հնչեղ քարոզչությամբ: «Այդ պատճառով շատ կարեւոր է, որ մարդիկ կյանքի արժանապատիվ մակարդակ ունենան», – հավելել է Ժիրարդենը:



























