Կոլումբիայի ցամաքային զորքերի հրամանատարությունը հերոսական է համարում Ասաբաչե մականունով ծառայողական շան վարքագիծը, որը զոհվել է՝ ականի վրա պայթելու հետեւանքով ու փրկել իր հետեւից եկող զինվորներին: Այս մասին հայտնել է կոլումբիացի գեներալ Լուիս Ֆերնանդո Ռոխասը: Ասաբաչեն ական էր հայտնաբերել ծառերի արանքում, որտեղով պետք է անցներ զինվորականների ջոկատը, նստել էր դրա կողքին ու իր հաչոցով նախազգուշացրել վտանգի մասին: Այն պահին, երբ սակրավորը պարաստվում էր վնասազերծել պայթուցիկ սարքն ու մոտենում էր շանը, անսպասելիորեն պայթյուն է որոտացել: Դրա հետեւանքով շունը ծանր վանսվածքներ էր ստացել, բայց 30 զինվորականներից ոչ մեկը չէր տուժել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ծառայողական շունը կցված էր այն ջոկատին, որը մասնակցում էր Կոլումբիայի արեւմուտքում Կաուկա դեպարտամենտի Սուարես տարածքից ոչ հեռու իրականացվող ռազմական գործողությանը: Զինվորականների ջոկատը պարեկային ծառայություն էր իրականացնում այդ տեղանքում,որտեղ կոլումբիացի թմրակարտելների դեմ պայքարի գործողություն էր ընթանում: Ինչպես նշել էր Ռոխասը, այն գոտում, որտեղ ԱՊ էր կատարվել, ռազմական ստորաբաժանումներ են տեղակայված՝ Նայա հովտում հսկողություն իրականացնելու համար (Սուարեսից 50 կմ հեռավորության վրա), որտեղ թմրադեղերի մաքսանենգների խմբեր են թաքնվում: Գեներալի խոսքով, ականի պայթյունից հետո վիրավորված շանը բուժօգնություն են ցուցաբերել, իսկ հետո տարհանել ուղղաթիռով: «Փոխադրման ժամանակ շունը մահացել է՝ ներքին արյունահոսությունից»,- հայտնել է նա:

«Այս շունը փրկել է շատ կյանքեր, ոչ միայն զինծառայողների, այլեւ խաղաղ բնակչության»,-նշել է գեներալ Ռոհասը՝ հավելելով, որ Ասաբաչեին թաղել են զինվորական պատվով: