Գերմանիայում վաղուց այսպես չէին ընդունել Թուրքիայի վարչապետին։ Դավութօղլուին, ում հետ Անգելա Մերկելը պետք է հանդիպի Բեռլինում, զինվորական պատվով կդիմավորեն։
Մերկելն ու նրա առանցքային նախարարները ցանկանում են թուրք գործընկերների հետ երկարատեւ բանակցություններ վարել։ Այսպես կոչված միջկառավարական խորհրդակցությունները պետք է սերտ համագործակցության սկիզբ դառնան։ Մինչ վերջերս Գերմանիայի իշխող կուսակցության քաղաքական գործիչները Թուրքիային նայում էին որպես իրավազուրկ անձի, իսկ հիմա թվում է, թե հնարավոր են համարում անգամ նրա անդակամցությունը ԵՄ-ին, գրում է Der Spiegel-ը։
Անգելա Մերկելը պարտավորություն է վերցրել իր վրա. նա խոստանում է, որ էապես կկրճատի Գերմանիայի փախստականների քանակը։ Սակայն Սիրիայի պատերազմի ավարտը այնքան անհավանական է թվում, որքան փախստականներին եվրոպական երկրների մեջ բաշխելը։
Կանցլերը հույսը Անկարայի հետ է կապում։ Թուրքիայում 2.2 մլն սիրիացի է ապրում՝ ավելի, քան ցանկացած այլ պետությունում (Սիրիայից բացի)։ Նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը եւ վարչապետ Դավութօղլուն այսուհետ ավելի շատ միջոցներ պետք է ձեռնարկեն փախստականներին իրենց երկրում պահելու համար։
Փախստականների գլխավոր երթուղին ընկած է Թուրքիայից Էգեյան ծովով Հունաստան։ Եթե փախստականներն արդեն ծով են դուրս եկել, նրանց ուղղակի չի կարելի վերցնել եւ հետ ուղարկել Թուրքիա։ Եվ ԵՄ սահմանների անվտանգության ապահովման Frontex գործակալությանը ուրիշ ոչինչ չի մնում, քան փախստականների նավակներն ուղեկցել հունական նավահանգիստներ։ Հիմա Թուրքիան փորձում է կանխել փախստականների հոսքը՝ նախքան ծով դուրս գալը, սակայն դա բավական բարդ գործ է Թուրքիայի 2 հազար կմ ծովային սահմանի պարագայում։
Անգելա Մերկելն իր գործողություններով խոցելի է դարձել շանտաժի համար։ Նա պետք է կանգնեցնի փախստականների հոսքը, եւ դրա համար նրան անհրաժեշտ է Թուրքիան։ էրդողանը դա հասկանում է եւ բարձր գին է պահանջում նման համագործակցության համար։ ԵՄ-ն Անկարային արդեն 3 մլրդ եվրո եւ անվիզա ռեժիմ է խոստացել, սակայն Բեռլինում հանդիպման նախօրեին Դավութօղլուն հասկացնել է տվել, որ դա բավական չէ։



























